Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգության» փոխնախագահ․ «Սահմանադրությունը փոխվում է հենց այդ դրույթի համար»


«Եթե դրույթը հանվի, փոփոխությունների գործընթացն իմաստ չի ունենա», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը երեկ հայտարարել էր, թե հանձնաժողովը նախագծից չի հանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին և կայուն մեծամասնությանը վերաբերող ձևակերպումները:

Վենետիկի հանձնաժողովը, մինչդեռ, Սահմանադրության նախագծի վերաբերյալ իր նախնական գնահատականում առաջարկել է հանել այդ դրույթը, հարցը լուծել Ընտրական օրենսգրքով:

«Մեկ պարզ ցանկություն է եղել՝ իշխանության հստակ, երաշխավորված վերարտադրություն ապահովել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Իսկ դա միայն հնարավոր էր կայուն մեծամասնության պարագայում, որը պառլամենտարիզմի ոգուն հակառակ երևույթ է: Ժողովրդավարական երկրներում պառլամենտը հենց ստեղծված է նրա համար, որ լինեն դաշինքներ, ճգնաժամերը արագ լուծվեն դաշինքները տրոհվելով, նոր դաշինքներ ձևավորվելով կամ էլ նոր պառլամենտական ընտրություններով», - նշեց Մարտիրոսյանը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ հանձնաժողովն անում է այն, ինչ հանձնարարվել է․ - «Նրանք ի զորու չեն, լիազորություն չունեն որևէ քայլ անել, որը իրենց լիազորությունից դուրս է: Այդ առումով կարծում եմ, որ նրանք իրենց կատարած անորակ աշխատանքով, որ ներկայացվել է, ցույց են տվել, որ իրենց կարելի է վերաբերվել որպես պարզ հանրապետականների, կարելի է ասել՝ թաղային հանրապետականների»:

Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) բացատրում է, թե ինչու են որոշել խորհրդարանում կայուն մեծամասնության հարցը հենց Սահմանադրությամբ լուծել․ - «Մեր համար դա շատ կարևոր է: Մենք գտնում ենք, որպես կառավարող քաղաքական ուժ, տեսնում ենք այն պրոբլեմները, խնդիրները: Մենք գիտենք, մեր գործընկերների հետ Եվրոպայում և ամբողջ աշխարհում շփվում ենք, որտեղ կա պառլամենտական ղեկավարման համակարգ, որտեղ կան այդ խնդիրները, արտահայտվում են անմիջապես: Եվ նրանց հետ խորհրդակցությունների արդյունքում է նաև այս գաղափարը առաջացել մեզ մոտ»:

Արձագանքելով ընդդիմադիրների քննադատությանը՝ Նիկոյանն ասաց, թե կառավարման կայուն համակարգ ունենալը Հայաստանի նման երկրների համար խիստ անհրաժեշտ է․ - «Պառլամենտական կառավարման համակարգի թերությունը կառավարման անկայունությունն է: Պառլամենտում փոքր-ինչ փոփոխություններն անմիջապես ազդում են կառավարության վրա՝ կառավարության ձախողումներ, կառավարությանն անվստահության հարց, նոր կառավարություն, նոր պառլամենտական ընտրություն․․․ Անընդհատ անկայունության փուլ է առաջ բերում»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն իրենց մտահոգություններին դիվանագիտական ձևակերպումներ են տվել․ - «Դիվանագիտական լեզվով նշանակում է, որ դա անընդունելի տարբերակ է»:

Սամվել Նիկոյանը, մինչդեռ, համոզված է, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ չէ կայուն մեծամասնության գաղափարին․ - «Ասում է, որ չպետք է Սահմանադրության մեջ ամրագրել այն, ինչ կարելի է Ընտրական օրենսգրքով ամրագրել, և մի փոքր խորհուրդ է տալիս՝ հաշվի առնելով, հիմք ընդունելով իտալական օրինակը, որ Իտալիան հասել է դրան հիսուն տարիների ընթացքում՝ իր պատմական փորձով, իր ձախողումներով, իր կառավարման համակարգի՝ պարբերաբար ճգնաժամերի մեջ լինելով, եկել-հասել է դրան: Այդ իսկ պատճառով Իտալիան գնում է այդ ճանապարհով: Չգիտեմ ինչու, այս հարցում գտնում է, որ մենք անձնական փորձով պիտի հասնենք դրան: Խելոք մարդիկ և խելոք հասարակությունները ուրիշների սխալի վրա են սովորում, և մենք ուզում ենք ուրիշի սխալի վրա սովորել: Մեր պետության համար կայուն կառավարման համակարգը շատ կարևոր է»:

Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ, անկախ իշխանության որոշումից՝ կայուն մեծամասնության գաղափարը հիմնական օրենքում ամրագրելուց կհրաժարվե՞ն, թե՞ ոչ, իրենք ամեն ինչ անելու են, որ փոփոխված Սահմանադրությունը չդրվի հանրաքվեի․ - «Մենք ամեն բան անելու ենք, որպեսզի լինենք մասնիկը այդ քաղաքական և հասարակական ուժերի՝ դեմ հանդես գալու, որ այս Սահմանադրությունը անցնի»:

Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ընդդիմությունն արդեն սկսել է համախմբման նախնական քննարկումները: Կարծում է, որ լայն ճակատով՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերով, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով պետք է մասնակցեն «ոչ»-ի պայքարին․ - «Բոլորի մոտ էլ մտահոգությունը կա, ուստի ճիշտը բոլորը միասին սկզբնական շրջանում քննարկումներ անցկացնելն է, այդ միասնական մարմինը ստեղծելն է և դրանից հետո միասնական գործողությունների անցնելը»:

Այս պահին, Սամվել Նիկոյանի տեղեկացմամբ՝ իշխանությունը հանրաքվեի անցկացումից հրաժարվելու ծրագրեր չունի․ - «Ես չեմ տեսնում նման հնարավորություն, որ նախագիծը լինի պատրաստ, քննարկված, դրա շուրջ հնարավոր կոնսոլիդացիա ստեղծված, ու հետագա քայլերը չիրականացվեն: Այս պահի դրությամբ ես դրա նախադրյալները չեմ տեսնում»:

XS
SM
MD
LG