Մատչելիության հղումներ

logo-print

Չի կարող զարգանալ մի տնտեսություն, որը հիմնված է օլիգարխիկ համակարգի վրա․ Գևորգյան


Հայկ Գևորգյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ

Հայկ Գևորգյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ

«Գյումրիում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն այն մասին, որ առաջին կիսամյակում մենք արդեն ունեցել ենք 4.5 տոկոս տնտեսական աճ, ուղղակի ցնցող էր ինձ համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:

Նրա խոսքով, նույնիսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը տնտեսական աճ չէ, բայց մոտավորապես կրկնում է դա, առաջին 6 ամսվա ընթացքում արձանագրվել էր 3.2 թե 3.5 տոկոս:

«Պաշտոնապես առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշը կամփոփվի սեպտեմբերին, ու շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է ստացվել այդ 4.5 տոկոսը: Հաշվի առնելով այն, որ վարչապետը կրկին հայտարարում է, որ տարվա կտրվածքով կունենան 4.1 տոկոս այն աճը, որը նախատեսված է, և նաև ասում է, որ սովորաբար երկրորդ կիսամյակը ավելի ակտիվ է լինում ու էս երկրորդ կիսամյակը ավելի ակտիվ է լինելու, ուրեմն պետք է սպասել, որ տարվա կտրվածքով մենք կունենանք երկնիշ տնտեսական աճ», - ընդգծեց Գևորգյանը:

«Էստեղ խնդիրը էն չի, որ տոկոսների մեջ մի քիչ սխալվում են՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում տնտեսական աճը ոչ միայն 4.5 տոկոս չէ, այլ նաև խիստ կասկածելի է, որ զրոյից բարձր լինի», - ասաց տնտեսական մեկնաբանը:

Նա համաձայնեց այն դիտարկմանը, որ և՛ վարչապետը, և՛ կառավարության մյուս պատասխանատու պաշտոնյաները տնտեսական վիճակի մասին խոսելիս անպայման նկատում են, որ Ռուսաստանում լուրջ տնտեսական խնդիրներ կան՝ դրանով էլ հիմնականում պայմանավորելով Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը:

«Կարճատև իմաստով՝ այո, կախված է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններից, բայց երկարատև, գլոբալ առումով Հայաստանի տնտեսական տխուր իրավիճակի պատճառները զուտ ներքին են՝ դա մեր տնտեսության աննորմալ, ոչ բնական կառուցվածքն է: Չի կարող 21-րդ դարում զարգանալ մի տնտեսություն, որն ամբողջովին հիմնված է օլիգարխիկ համակարգի վրա», - ընդգծեց Հայկ Գևորգյանը:

XS
SM
MD
LG