Մատչելիության հղումներ

Քրեական գործ հարսանիքի մի քանի տասնյակ մասնակիցների թունավորման փաստով


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հարսանեկան խնջույքի մասնակիցների թունավորման դեպքի առթիվ։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 2-ին ժամը 00:15 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ընկերությունից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել թվով 19 անձ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ անձինք հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող ռեստորանահյուրանոցային համալիրից, որտեղ բոլորը մասնակցել են հարսանեկան խնջույքի: Նույն օրը համալիրից նույն աշխտորոշմամբ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ընկերություն է դիմել ևս 11 անձ:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր, Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ «սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը»:

Ստեղծվել է քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական միջոցառումները՝ սննդային թունավորման պատճառը, եղանակը պարզելու ուղղությամբ։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG