Մատչելիության հղումներ

logo-print

Աշխատասիրության ամենաբարձր աստիճանը հայ ժողովրդի առանձնահատուկ հատկություններից մեկն է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ասաց Սիլիկոնի հովտից ընտրված ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն:

Աննա Էշուն, ում մայրը հայ էր, իսկ հայրը՝ ասորի, և ով համարում է դա հիանալի միասնություն, հիշեցրեց, որ իր ընտրատարածքը Միացյալ Նահանգների տեխնոլոգիապես ամենազարգացած վայրն է․ - «Իմ կոնգրեսական ընտրատարածքը իրոք երկրում ամենաականավորն է, քանի որ այն նորարարությունների հայրենիքն է, այն Սիլիկոնի հովիտն է, որն անչափ մեծ նշանակություն ունի Ամերիկայի և ողջ աշխարհի տնտեսության համար»:

Անդրադառնալով իր հայկական արմատներին՝ Էշուն ավելացրեց, որ դարեր շարունակ հայկական առանձնահատկություններն են եղել աշխատասիրությունն ու հավատքը: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ունի արտակարգ աշխատանքային էթիկա, և միակ աշխատաոճը, որ հայերը գիտեն, ջանասիրաբար աշխատելն է. - «Երբ գործդ սկսեցիր, կանգ չես առնում, մինչև չավարտես՝ սա է մեր աշխատաոճը: Եվ մեր ժողովուրդն ունի ևս մեկ հատկանիշ՝ մենք երբեք չենք վախեցել անհաջողություններից, այլ չնայած դրանց շարունակել ենք առաջընթացը»:

Հայերի մեկ այլ առանձնահատկությունն է խորը հավատը, որը, կոնգրեսականի խոսքով, հայ ժողովրդին շնորհված է Աստծո կողմից: «Չեմ կարծում, որ մեզ կհաջողվեր փրկվել և դիմակայել անցյալի բոլոր փորձություններին, եթե չունենայինք այդ հավատը, որը մեր ժողովուրդը սերնդեսերունդ է փոխանցել», - ընդգծեց Էշուն:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, կոնգրեսականն ասաց՝ խորապես հիասթափված է, որ Միացյալ Նահանգները դեռևս չի ճանաչել Ցեղասպանության փաստը․ - «Իմ երկիրը դեռևս Հայոց ցեղասպանության փաստը չի ճանաչել. երբ սա ասում եմ, շունչս կտրվում է»:

Աննա Էշուն հիշեցրեց, որ հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսականի՝ Ջեքի Սփայերի հետ նամակ են ուղղել գործընկերներին, կոչ անելով հատուկ լսումներ կազմակերպել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG