Մատչելիության հղումներ

Յուշչենկոն հիշեցնում է Դեպարդյեի՝ Պուտինին տված որակումները


Ժերար Դեպարդյեն ցույց է տալիս Ռուսաստանի քաղաքացու իր անձնագիրը, Սարանսկ, 6-ը հունվարի, 2013թ․

Ժերար Դեպարդյեն ցույց է տալիս Ռուսաստանի քաղաքացու իր անձնագիրը, Սարանսկ, 6-ը հունվարի, 2013թ․

Ուկրաինայի նախկին նախագահը էթիկական նկատառումներով չի բարձրաձայնել ֆրանսիացի դերասանի բառերը:

Ուկրաինայի երկրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն արձագանքել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի հայտարարություններին՝ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես ոչ թե չեմ հասկանում՝ ինչ է անում Ժերարը վերջին մի քանի տարիների ընթացքում․․․ Ես խորապես համոզված էի՝ այն հարաբերությունները, որ ես, իմ ընտանիքն ունեինք նրա հետ, այդ մարդը ճիշտ բնորոշում էր՝ ով է Պուտինը: Ընդ որում՝ նա դա ասել է տասնյակ անգամներ: Էթիկական նկատառումներով, ես չեմ բարձրաձայնի նրա բառերը, քանի որ դուք եթերում ձայնային ազդանշանով կծածկեք այդ մասը», - ասել է Յուշչենկոն՝ շարունակելով․ - «Կարծում էի՝ դա նրա համոզմունքն է: Ես այսօր չեմ կարող պատկերացնել այլ մոտիվների ուժը, որոնք մարդուն ստիպեցին տարիների ընթացքում այդքան սխալվել»:

«Ես կարծում եմ, որ նա նվաստացրել է իր ժողովրդին այն ամենով, ինչ արեց վերջին երկու տարում` իր ռուսամետ նույնականացմամբ», - նշել է Ուկրաինայի նախկին նախագահը:

Անցյալ շաբաթ հանրահայտ դերասանը, Կաննում ներկայացնելով «Սիրո հովիտ» ֆիլմը, հայտարարել էր, որ շատ է սիրում Վլադիմիր Պուտինին:

2013 թվականի հունվարին Ժերար Դեպարդյեն կարճատև այցով Սոչիում էր։ Պուտինը Սոչիի իր նստավայրում անձամբ էր դերասանին հանձնել Ռուսաստանի քաղաքացու անձնագիրը։

«Պարոն Պուտինը, ես նրան շատ լավ գիտեմ և շատ եմ սիրում: Ես շատ եմ գնում ԽՍՀՄ, կամ ավելի ստույգ՝ Ռուսաստան», - լրագրողների ժպիտների ուղեկցությամբ անցյալ շաբաթ հայտարարել էր Դեպարդյեն:

Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ հարցին դերասանն արձագանքել էր․ - «Ես ոչինչ չեմ հասկանում»: «Ես, ինչպես և բոլորը, ցնցված եմ: Ես շատ մոտ եմ եղել նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ, շատ եմ սիրում ուկրաինացիներին, բայց հակամարտության քննարկումներն իմ իրավասությունների մեջ չեն մտնում: Ես չեմ սիրում պատերազմ, չեմ սիրում հակամարտություններ, քանի որ դրանք հանգեցնում են մարդկանց մահվան», - ասել էր Դեպարդյեն:

XS
SM
MD
LG