Մատչելիության հղումներ

Գյուղացիները պայքարում են սելավատարի ապամոնտաժման դեմ


Գյուղացիները պայքարում են սելավատարի ապամոնտաժման դեմ
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00

Շիրակի մարզի Հայկավան գյուղ բնակիչները ոտքի են ելել, որպեսզի թույլ չտան ապամոնտաժել իրենց և հարևան երեք գյուղերի համար 20 տարի առաջ կառուցված սելավատարի խողովակները:

Նրանց ջանքերով ապամոնտաժումը ժամանակավորապես կասեցվել է: Հայկավանի գյուղապետ Սամվել Մխոյանն ասում է՝ եթե խողովակներն ապամոնտաժեն, գյուղերը կհայտնվեն հեղեղման վտանգի առաջ:

«Մինչև վերջերս մենք հեղեղումներ չենք ունեցել՝ շնորհիվ այդ սելավատարի։ Ինչ-որ անհայտ պատճառներով էդ սելավատարը չգիտեմ ում հաշվեկշռից ում է անցել, որ սեփականատիրոջից ում է անցել, եկել էին էդ սելավատարը ապամոնտաժելու։ Մի երկու օր էդ աշխատանքները կատարվել էր արդեն, մենք ահազանգ ստացանք, բարձրացանք մարզպետարան, մարզպետ Ցոլակյանը հանձնարարեց իրավապահ մարմիններին՝ կասեցնել մինչև հարցի պարզաբանումը։ Կասեցվեց»,- պատմեց գյուղապետը։

Ապամոնտաժողը «Ոռոգում» ՓԲԸ-ն է, որը դատարանի վճռով դեռ 2007 թվականին սնանկ է ճանաչվել և իր հաշվեկշռին փոխանցված գույքն է օտարում միլիարդների հասնող պարտքը մարելու համար: Ընկերությունը պարտք է նաև պետական բյուջեին՝ ավելի քան 1 միլիարդ դրամ։ Սնանկության գործերով կառավարիչ Սուրեն Վարդանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք ապամոնտաժման համար օրինական թույլտվություններ ու համաձայնություններ ունեն:

«Եթե անվտանգ չլիներ, Ողջիի գյուղապետը թույլտվություն չէր տա, մենք ունենք թույլտվություն»,- ասաց Վարդանյանը.- «Էդ սելավատարը լրիվ հողով փակված է եղել, էնտեղից ջուր չի անցել։ Բացի դրանից՝ ուսումնասիրել են և տեղեկացրել են, որ սելավների ջրի ուղին փոխված է և ուրիշ ճանապարհով է գնում»։

Սնանկացման գործերով կառավարիչը ասում է, որ կրկին կուսումնասիրվի, թե սելավատարի խողովակների ապամոնտաժումն ինչ վտանգների առաջ կկանգնեցնի գյուղերին:

«Մենք հիմա ժամանակավորապես դադարեցրել ենք, հիմա որոշում կկայացվի շարունակելու։ Եթե պետք չի լինի, չի շարունակվի, եթե ոչ մի խնդիր չի լինի, կշարունակվի այս աշխատանքը»,- ասաց Վարդանյանը։

Հայկավանցիներն ասում են՝ հարևան գյուղերով կմիանան ու կպայքարեն ապամոնտաժման դեմ: Վստահ են, որ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի:

Հովհաննես Գասպարյանն ապրում է գյուղի ցածրադիր հատվածում: Նա լավ է հիշում 1987 թվականի ջրհեղեղը.- «Եթե սելավատարը փակվեց, ամբողջ ջուրը գյուղերը կլցվի, կհավաքի, ինչ կա, կտանի։ 87 թվին ես ու կինս գործ էինք անում բոստանի մեջ, կովին հորթով առավ գնաց, լավ է՝ կնոջս քաշեցի, փախանք, մեզ չտարավ»։

Հարևանությամբ ապրող Վարդան Վարդանյանը բավականին լավատեղյակ էր, թե ովքեր են ապամոնտաժում խողովակները.- «Քանդողները Երևանից են, էդ տրուբի մետրը 1500 դոլար է, իմացել են, մի քանի տարի առաջ մի հատը տարան, դատ բացվեց, չքանդեցին, հիմի ասում են՝ լրիվ դոկումենտով եկել ենք, որ քանդենք»։

Հարևան Ողջի համայնքի տարածում ապամոնտաժվող սելավատարի մոտ տեխնիկան կանգնած է, ապամոնտաժումը՝ կասեցված: Հայկավանցի Հովհաննես Գասպարյանը ցույց տվեց արդեն իսկ ապամոնտաժված խողովակների տեղը.- «Ջուրը արդեն գյոլ է կապել ընդեղ, հետո էլ սելավը ներքև կիջնի, տներս կքանդի»։

«Եթե նորից սկսեն, մենք, Ոսկեհասկը, Ախուրիկը չենք թողնի, կամ էլ էս գյուղից պիտի գնանք»,- ասաց Վարդան Վարդանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG