Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի առևտուրը 2009-ի ճգնաժամից հետո առաջին անգամ կրճատվել է


Հայաստանի արտաքին առևտուրը վերջին անգամ կրճատվել էր ճգնաժամային 2009 թվականին:

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է երկրի արտաքին առևտրի վերաբերյալ տվյալները, որոնք ներառում են նաև ԵՏՄ պետությունների հետ Հայաստանի առևտուրը: Ըստ այդմ՝ այս տարվա առաջին կիսամյակում արտաքին առևտուրը կրճատվել է 20.6 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել է 2 միլիարդ 186 միլիոն ԱՄՆ դոլար:

ԱՎԾ-ի տվյալներով, երկրի արտաքին առևտուրը վերջին անգամ կրճատվել էր ճգնաժամային 2009 թվականին, այն ժամանակ անկումը առաջին կիսամյակում կազմել էր 31.5 տոկոս՝ 2008-ի առաջին կիսամյակի համեմատ:

Սակայն սա ամբողջը չէ: Եթե հավատանք ԱՎԾ-ի տվյալներին, 2009-ի ճգնաժամից ի վեր առաջին անգամ կրճատվել է նաև ներքին առևտուրը․ այս տարվա հունվար - հունիսին անկումը կազմել է 5.1 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հայաստանի տնտեսության վիճակը բնորոշող հաջորդ առանցքային ցուցանիշը է՛լ ավելի մռայլ պատկեր է ստեղծում․ 2015 թվականի առաջին կիսամյակում կառավարությունը կարողացել է հավաքել 1 միլիարդ 59 միլիոն դոլար հարկ, ինչը գրեթե 13.5 տոկոսով պակաս է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշից: Սա նույնպես խոշորագույն անկումն է 2009 թվականի ճգնաժամից ի վեր:

Եվ վերջապես, ֆիզիկական անձանց տրանսֆերտները, որ նույնպես կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար, այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 682.6 միլիոն դոլար, ինչը 28.4 տոկոսով պակաս է նախորդ տարվա առաջին կիսամյակից: Տրանսֆերտների անկումը նույնպես խոշորագույնն է 2009-ի ճգնաժամից ի վեր:

Պաշտոնական այսպիսի ցուցանիշների ֆոնին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու օր առաջ Գյումրիում հայտարարեց, որ հունվար - հունիսին տնտեսությունը աճել է 4.5 տոկոսով․ - «Բոլոր ոլորտներում ունենք աճ: Միայն ունենք ապրանքաշրջանառության մեջ անկում, որը կապված է ուղղակի Ռուսաստանի Դաշնության հետ: Դա մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է: Միջազգային կառույցները բոլորը բացասական գնահատական էին տալիս, ի հակառակ իրենց կարծիքի, մենք իրենց հորդորեցինք չշտապել, հիշո՞ւմ եք, մի քանի անգամ ասել ենք, որ երկրորդ կիսամյակում ավելի ակտիվ է լինելու մեր տնտեսությունը: Ես համոզված եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ մեր թիմով, կառավարությունով, նախագահի գլխավորությամբ, որ մինչև տարվա վերջ այդ տնտեսական աճը մենք ապահովենք: Քանի որ 2015 թվականի բյուջեում դրված է 4․1 տոկոս տնտեսական աճ»:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ կան մի քնաի առանցքային ցուցանիշներ, որոնք վկայում են, թե իրականում ինչպիսի վիճակ է տնտեսությունում: Առաջինը հարկերի անկումն է․ - «Երկրորդ այդպիսի ցուցանիշ է հանդիսանում անշարժ գույքի շուկան, և եթե նույն վեց ամսվա տվյալներն ենք ամփոփում, այնտեղ էլ գործարքների նվազում կա, դոլարային արտահայտությամբ մեկ քառակուսի մետրի գնի նվազում կա 15 տոկոսի չափով»:

«Կարևոր են նաև առևտրի անկումը, տրանսֆերտների կրճատումը, և այս ամենը նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ճգնաժամի մեջ», - եզրափակեց Խաչատրյանը:

XS
SM
MD
LG