Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները հաղթանակ են տոնում


Նաիրիտցիները հաղթանակ են տոնում
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00

1800 նաիրիտցիների աշխատավարձի պարտքն արդեն փակվել է:

«Նաիրիտ» գործարանի տասնյակ աշխատողներ այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին:

«Հավաքվել ենք այն հիմնական, սովոր տեղում, որտեղ միշտ հավաքվել ենք, իրար շնորհավորելու, իրար հրաժեշտ տալու: Այնուամենայնիվ, սա մեր հաղթանակն ենք համարում, քանի որ վերջին 15 տարում չի եղել ժողովրդական որևէ պահանջ, որը դրական արդյունք ունենա», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:

Նա փոխանցեց, որ 1800 նաիրիտցիների պարտքն արդեն փակվել է, և գործարանի ղեկավարությունից տեղեկացրել են, որ մնացած 600 աշխատակիցների գումարը փոխանցվելու է այսօր։

«Նաիրիտ» քիմիական գործարանը հարկադիր պարապուրդի է մատնվել 2010 թվականից և բազմաթիվ պարտքեր կուտակել, այդ թվում շուրջ 5.5 միլիարդ դրամ՝ աշխատավարձերի գծով:

Գործարանի աշխատակիցները շուրջ 8 ամիս պայքար են մղել՝ ցույցեր անցկացնելով կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ, փողոցներ փակելով: Մայիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ մեկ ամսվա ընթացքում մարել աշխատավարձերի պարտքը, սակայն գործընթացը ձգձգվեց մինչև հուլիսի վերջը: Գործարանի աշխատակիցները ստիպված եղան անգամ փաստաթուղթ ստորագրել, որով հրաժարվում էին աշխատավարձի ուշացման հետ կապված տույժերից ու տուգանքներից:

Նաիրիտցիների խոսքով՝ հաղթանակը հեշտ չի տրվել:

«Մոտ 8 ամիս առնվազն օրումեջ անցկացրել ենք փողոցում: Մենք նաև նստացույց ենք արել: Գտնում եմ, որ ցանկացած հարցի համար մեր ժողովուրդը, մեր մարդիկ պիտի պայքարեն», - ասաց Հարությունյանը:

«Ապացուցվեց, որ այս երկրում ամեն ինչ անհույս չէ, պայքարով կարելի է հասնել արդյունքի: Որ մարդկանց գիտակցության մեջ փոխվի, որ տեսնեն, որ պայքարը արդյունք է տալիս», - հավելեց գործարանի նախկին աշխատակիցներից մի տղամարդ:

Նաիրիտցիները նշում են, որ մտադիր են առաջիկայում բողոքի նոր ակցիաներ սկսել՝ քիմիական հսկան վերագործարկելու պահանջով։

XS
SM
MD
LG