Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը չի հանվի Սահմանադրության նախագծից


Վենետիկի հանձնաժողովը, մինչդեռ, Սահմանադրության նախագծի հրապարակված մասի վերաբերյալ իր նախնական գնահատականում առաջարկել է հանել երկրորդ փուլի մասին հիշատակումը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովը չի փոփոխի հրապարակված նախագծի թերևս ամենավիճահարույց հատվածը, որը վերաբերում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին և կայուն մեծամասնության ձևավորմանը:

Վենետիկի հանձնաժողովը, հիշեցնենք, Սահմանադրության նախագծի հրապարակված մասի վերաբերյալ իր նախնական գնահատականում առաջարկել է հանել այդ դրույթը:

«Մենք չենք պատրաստվում հանել երկրորդ փուլի մասին դրույթը, և Վենետիկի հանձնաժողովի հետ այդ հարցով պատրաստվում ենք լուրջ քննարկումներ ծավալել: Բայց ամենակարևորը, այնուամենայնիվ, այն է, որ Վենետիկի հանձնաժողովը բովանդակային առումով որևէ հակաճառություն առաջարկվող լուծումների նկատմամբ չունի: Ընդամենը իրենց առաջարկը կայանում է նրանում, որ ամրագրվի Ընտրական օրենսգրքում, այլ ոչ թե Սահմանադրությունում», - ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ իրենք կարող էին երկրորդ փուլի գաղափարը Սահմանադրության մեջ ամրագրելու փոխարեն զետեղել Ընտրական օրենսգրքում, և եթե մասնագիտական հանձնաժողովը հանրային կարծիքից թաքցնելու բան ունենար, հենց այդ ճանապարհով էլ կգնար և սահմանադրական փոփոխությունների շուրջ բանավեճերում ավելորդ լարվածություն չէր մտցնի․ - «Բայց հանձնաժողովը այն կարծիքին է, որ սա այնքան կարևոր խնդիր է, որ պետք է իր հիմնական գծերով արտացոլումը գտնի նախագծում»:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հիմնավորմանը, թե առաջին անգամ խորհրդարանական համակարգի անցում կատարող Հայաստանի համար անհրաժեշտություն չէ ընդօրինակել այն լուծումները, որոնք խորհրդարանական կառավարման երկարատև փորձ ունեցող Իտալիայում միայն վերջերս են ընդունվել՝ Վարդան Պողոսյանն ասաց, թե ցանկանում են խուսափել այն խնդիրներից, որ ունեցել է այդ երկիրը․ - «Հայաստանը չի կարող իրեն այն շռայլությունը թույլ տալ, ինչը որ իրեն կարող էր հիսուն տարի թույլ տալ Իտալիան, կամ գրեթե հարյուր տարի կարող էր իրեն թույլ տալ Ֆրանսիան: Մենք շատ զգայուն տարածաշրջանում ենք գտնվում, մենք անվտանգության մեծ խնդիրներ ունենք, կառավարության կայունության խնդիրը պետք է լուծվի»:

Ի տարբերություն երկրորդ փուլին և կայուն մեծամասնությանը վերաբերող դրույթներին՝ հանձնաժողովը պատրաստ է վերանայել նախագծի մեկ այլ աղմուկ հանած՝ կյանքի իրավունքի մասին 23-րդ հոդվածը, որը սահմանում է, թե «կյանքից զրկելը խախտում չէ, եթե բացարձակապես անհրաժեշտ ուժի գործադրման հետևանք է»:

Իրավապաշտպանների և ընդդիմադիրների քննադատությանն արժանացած այս սահմանման փոխարեն նախագծում կպահպանվի գործող Սահմանադրության մեջ ամրագրված սահմանումը՝ «յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»:

Վարդան Պողոսյանը փոխանցեց, որ հանձնաժողովում այս հոդվածի շուրջ ծավալուն քննարկումներ են եղել․ - «Մենք եկանք այն եզրահանգման, որ շատ դժվար է լինելու կոդիֆիկացնել բոլոր այն դեպքերը, որոնք լեգիտիմ հիմք են հանդիսանում կյանքից զրկելու համար, և մենք չէինք էլ կարող հիմք ընդունել կոնվենցիայի ձևակերպումները: Կոնվենցիան բավականին հին տեքստ է՝ 1950 թվականին ընդունված»:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների հարցում լայն կոնսեսուսին, որը կարևորում է նաև Վենետիկի հանձնաժողովը, Վարդան Պողոսյանի ձևակերպմամբ՝ փաստաթղթի վերաբերյալ լայն համախոհություն ապահովելը իրենց գործառույթներից դուրս է․ - «Քաղաքական կոնսոլիդացիան քաղաքական ուժերի խնդիրն է: Բայց մի բան, այնուամենայնիվ, պետք է ֆիքսել, որ Վենետիկի հանձնաժողովը կասկածի տակ չի դնում բարեփոխումների անհրաժեշտությունը: Ըստ էության, հանձնաժողովի առաջարկը հանձնաժողովին, քաղաքական իշխանություններին կայանում է նրանում, որ հնարավորինս լավ բացատրել նպատակները, որպեսզի հաջողություն ապահովվի բարեփոխումների համար»:

Ամբողջությամբ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ Պողոսյանի, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի վաղը՝ եթե հանձնաժողովն այսօր ավարտի իր աշխատանքը:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա հանձնաժողովի անդամը հավանական է համարում, որ այն կկայանա այս տարի․ - «Եթե հանրաքվեն անցկացվի, ասենք, հաջորդ տարվա գարնանը, շատ քիչ ժամանակ է մնում Ընտրական օրենսգիրքը մշակելու, ընդունելու համար: Իսկ առանց նոր Ընտրական օրենսգրքի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները անցկացնելը՝ առանց այդ նոր համակարգի, անիմաստ է դառնում՝ եթե նախագիծն ընդունվում է»:

Վարդան Պողոսյանի կարծիքով՝ առաջարկվող Սահմանադրությունը շատ ավելի մեծ ժողովրդավարական պոտենցիալ ունի, քան գործողը: Նա, սակայն, վստահ է, որ բարեփոխումները «ինքնաբերաբար չեն կարող կյանքի կոչվել»․ - «Դրա համար պետք է քաղաքական կամք: Քաղաքական էլիտան դա պետք է գիտակցի: Առանց դրա որևէ փոփոխություն չի լինի: Բայց պետք է նաև գիտակցում հանրության կողմից»:

Նույն թեմայով

XS
SM
MD
LG