Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը կաջակցի ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարը պահպանելուն


Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում, 28-ը հուլիսի, 2015թ․

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում, 28-ը հուլիսի, 2015թ․

ԱՄՆ-Ի հետ համագործակցությունը փոխլրացնում է հայ - ռուսական համագործակցությունը ի շահ Հայաստանի անվտանգության ամրապնդման, համոզված է Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ ​Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարության և Պենտագոնի ներկայացուցիչների հետ:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության շրջանում խաղաղության պահպանման հարցում և պատրաստ է աջակցել համապատասխան կանխարգելման մեխանիզմների ներդրմամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը «Ամերիկայի Ձայն»-ին պատմեց, որ Միացյալ Նահանգների պաշտպանական և արտաքին քաղաքական գերատեսչություններում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի պահպանման միջոցների ուժեղացումը.

«Բանակցությունների ընթացքում թե՛ Պենտագոնում և թե՛ Պետքարտուղարությունում կա համատեղ կարծիք, որ անհրաժեշտ է ուժեղացնել բոլոր միջոցները, որոնք կարող են լինել կանխարգելիչ՝ իրավիճակը ռազմական ուղիով տանելու տեսանկյունից», - ասաց փոխնախարարը:

Կանխարգելման հնարավոր միջոցների թվում Դավիթ Տոնոյանը նշեց միջազգային դիտորդներին սահմանային միջադեպերի հետաքննություն իրականացնելու մանդատի շնորհումը, ինչը թույլ կտա կանխել զինադադարի խախտումները, պատժել մեղավորներին և միգուցե նաև կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորել:

Մեկ այլ մեխանիզմ էլ զորքերի շփման գծում միջազգային դիտորդների հովանու տակ հսկող և դետեկտորային համակարգերի տեղադրումն է, ինչը հնարավորություն կտա հասցեագրել զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք. - «Դա շատ լուրջ կանխարգելիչ միջոց է, շատ լուրջ, ինչ-որ մի բան անելուց առաջ կմտածեն՝ անե՞ն, թե՞ չանեն»:

Անդրադառնալով Վաշինգտոնում քննարկված այլ հարցերին, փոխնախարարը նշեց, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանը համագործակցելու է պաշտպանության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և հայ խաղաղարարների աշխատանքն ապահովելու ոլորտներում: Ներկայումս հայ զինվորները խաղաղություն են պահպանում Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում, իսկ շուտով կարող են մեկնել նաև Մալի:

«Ե՛վ Պետքարտուղարությունում, և՛ Պենտագոնում շատ բարձր են գնահատում մեր խաղաղապահների որակները», - ընդգծեց փոխնախարարը:

Հայաստանը նաև իր պատրաստակամությունն է հայտնել ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններ իրականացնող մասնագիտացված ուժեր տրամադրելու հարցում:

«Դա մեր տեղակայելի դաշտային հոսպիտալն է իր անձնակազմով, դա ինժեներական կարողություններն են, ականազերծողներն են»,- թվարկեց Տոնոյանը:

Անդրադառնալով հայ - ամերիկյան համագործակցությանը ռազմական ոլորտում և հայ - ռուսական սերտ հարաբերություններին, պաշտպանության փոխնախարարն ընդգծեց, որ այդ հարցում որևէ հակասություն չկա, և Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղադրամասերից մեկն է։

«Ամերիկայի հետ համագործակցությունը փոխլրացնում է հայ - ռուսական համագործակցությունը ի շահ Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման», - հայտարարեց Դավիթ Տոնոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG