Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ


Պատժամիջոցների ցանկում ներառված Գենադի Տիմչենկոն, արխիվ

Պատժամիջոցների ցանկում ներառված Գենադի Տիմչենկոն, արխիվ

Միացյալ Նահանգները լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել 15 անհատների և կազմակերպությունների նկատմամբ։ Նոր պատժամիջոցները կգործեն նրանց նկատմամբ, որոնք փորձել են շրջանցել ավելի վաղ սահմանված պատժամիջոցները:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է գործարարությամբ և Վլադիմիր Պուտինի հետ իրենց հարաբերություններով հայտնի Գենադի Տիմչենկոյին և Բորիս Ռոտենբերգին, ինչպես նաև "Калашников" ընկերությանը:

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում են ներգրավվել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ առնչություն ունեցող 4 անձինք:

Ֆինանսական սահմանափակումներ են կիրառվում նաև Ղրիմի նավահանգստային ընկերությունների ղեկավարների նկատմամբ: Արգելափակվել են այդ ընկերությունների պահեստները, որոնք գործում են Միացյալ Նահանգների իրավասությունների շրջանակներում: ԱՄՆ-ի քաղաքացիներն իրավունք չունեն գործարքներ կնքել պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների նկատմամբ:

Ըստ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հաղորդագրության, պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրած և միջազգային իրավունքի նորմերը խախտող Ռուսաստանի նկատմամբ ճնշումները շարունակելու նպատակով:

Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ վստահ է՝ արևմտյան տնտեսական պատժամիջոցները կրճատում են ռուսական ագրեսիան, և փորձ է կատարվում կարգավորել Ուկրաինայի և անջատականների պատերազմը:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Դանիել Ֆրեդը, որը համակարգում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների որոշումները, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է՝ Ռուսաստանի իշխանությունները շարունակաբար հերքում են իրենց մասնակցությունն Ուկրաինայի տարածքում սանձազերծված պատերազմին:

Դանիել Ֆրեդը վստահեցնում է, որ «արևմտյան պատժամիջոցները կզսպեն Մոսկվայի տարածքային-ամբողջատիրական, կայսերական հավակնությունները»:

Պետքարտուղարության ներկայացուցիչը Ռուսաստանի պահվածքին չպատասխանելու տարբերակը դիտարկում է որպես Ռուսաստանի առջև կանաչ լույս վառելու պայման և ագրեսիայի ահագնացման ուղի:

Ֆրեդը խոստացել է, որ արևմտյան հաջորդ պատժամիջոցները կլինեն ավելի խիստ, եթե Ռուսաստանն է՛լ ավելի ահագնացնի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի, հատկապես եթե անջատականները նոր հարձակումներ նախաձեռնեն Ուկրաինայի սահմանին:

«Բոլորի համար լավ կլինի, եթե Ռուսաստանի հետ կապված այլ ծրագրեր ունենանք, բայց մեր ծրագրերը հիմա կապված են նրանց գործողությունների հետ, ցավոք, Ուկրաինայում դրսևորվող ագրեսիայի հետևանքով»,- ասել է նա։

«Եվ կգա օրը, երբ մենք կունենանք լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց այդ օրը, ցավոք, այսօր չէ»,- «Ազատության» հետ իր զրույցը եզրափակել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG