Մատչելիության հղումներ

Լեռնավանի բնակիչների մեկ երրորդը արտագնա աշխատանքի է մեկնել


Լոռու մարզի1500 բնակիչ ունեցող այդ գյուղում հիմնականում մնացել են կանայք, երեխաներն ու տարեցները: Մոտ երեք անգամ նվազել է դպրոցի աշակերտների թիվը:

«Ինչքան էլ հող ու ջուր անենք, էստեղի աշխատանքից արդյունք չկա, առանց խոպանի հնարավոր չի ապրել»,- ասում է Լեռնավանի բնակիչներից մեկը:

Գյուղի տարեց տղամարդկանցից մեկը անկեղծանում է՝ ձեռքերում այլևս ուժ չկա, այլապես ինքն էլ որդու հետ խոպան կգնար: Թոշակառու բնակիչն այսօր զբաղվում է տնամերձ հողը մշակելով ու տնային կենդանիներ պահելով: «Կարտոլ կմշակենք, խոտ կքաղենք, մեր գործը էդ է, ուրիշ գործ չունենք»:

Արտագնա աշխատանքի է մեկնել նաև գյուղապետ Վաչիկ Վարդանյանի որդին: Գյուղապետը խոստովանում է՝ համայնքի ղեկավարի աշխատանքը բավարար չէ ընտանիքի ֆինանսական բոլոր հարցերը լուծելու համար: Տղան գնացել է աշխատելու, որպեսզի մեծ հարսանիք անեն:

«Նախ մարդը պետք է իրեն աշխատանքով ապահովի, որովհետև պատրաստվում է ընտանիք կազմել, դրա համար էլ, մեր հայկական տրադիցիաներով, մի քիչ ճոխ պիտի լինի էլի ամեն ինչը, հարսանիք անելու համար էլ, գիտեք, գումար է պետք»,- ասում է Վաչիկ Վարդանյանը:

Լեռնավանում դպրոցում ու գյուղապետարանում եղած աշխատատեղերից բացի այլ աշխատատեղ չկա։ «Հողագործությամբ ձմեռվա ապրուստ չես ստեղծի»,- ասում է Վարդանյանը և հավելում՝ դրանով կանայք են զբաղվում, տղամարդիկ էլ մեկնում են արտագնա աշխատանքի: Իսկ վերջին տարիներին, ապագա չտեսնելով, երիտասարդ ընտանիքներն ընդհանրապես հեռանում են:

Այն, որ Լեռնավանում մարդկանց թիվը տարեցտարի նվազում է, ակնառու երևում է գյուղի դպրոցի աշակերտների թվից: Եթե տարիներ առաջ ավելի քան 450 երեխա էր դպրոց հաճախում, հիմա նրանց թիվը հազիվ 150-ի է հասնում:

XS
SM
MD
LG