Մատչելիության հղումներ

«Իսլամական պետության» ճնշումներից փախչող երեք եզդի ընտանիք ապաստան է գտել Հայաստանում


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճնշումներից փրկվելու նպատակով երեք եզդի ընտանիք Իրաքի Քուրդիստան նահանգից փախել է Հայաստան:

Այստեղ նրանց դիմավորել է «Սինջար» եզդիների ազգային միավորումը, որի նախագահ Բորիս Մուրազին այսօր Երևանի այգիներից մեկում ակցիա էր կազմակերպել. սնունդ, հագուստ, գումար էին փորձում հավաքել՝ թեթևացնելու 19 փախստականների, այդ թվում՝ 7 մանկահասակ երեխաների առաջին օրերը օտար երկրում:

«Այս ընտանիքների կացարանը 5 կմ հեռավորության վրա էր «Իսլամական պետության» զորքերի տեղակայման վայրերից։ Եվ եթե ևս մեկ անգամ քրդական զորքերը հետ քաշվեին, նորից այս մարդիկ հարվածի տակ էին ընկնելու։ Նրանք խնդրեցին, ասացին՝ կամ Եվրոպա ենք գնալու, կամ Հայաստան, կարծում եմ՝ եզդիների տեսակետից ավելի ճիշտ էր գտնվել Հայաստանում, մենք իրենց օգնեցինք գալ Հայաստան և կացարանով ենք ապահովել»,- պատմեց Մուրազին։

17-ամյա Ֆադըլ ԴըՇարը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Հայաստանի մասին գիտի միայն այն, որ մահմեդական երկիր չէ (եզդիները արևապաշտ են): Այս պահին իր ընտանիքի անվտանգության համար կրոնի հետ կապված խնդիրները ամենակարևորն են:

«Մենք փախել ենք «Իսլամական պետության» զինյալներից: Մեզ համար այլևս անվտանգ չէր մահմեդական երկրում ապրելը»,- ասաց նա։

Ուղիղ մեկ տարի առաջ «Իսլամական պետության» բռնաճնշումների հետևանքով Իրաքի հյուսիսում ապրող ավելի քան 400 հազար եզդի գաղթական դարձավ: Ավելի քան 20 հազար եզդի սպանվեց, 5000-ից ավելի կանայք ու աղջիկներ մինչ օրս գերության մեջ են, 3600 եզդի էլ անհետ կորած է մնում։ Բորիս Մուրազին, ով կապ է պահպանում իր ազգակիցների հետ, ասաց, որ թեպետ այդ տարածաշրջանում այսօր եզդիները քիչ են, այդուհանդերձ, ճնշումները դեռ շարունակվում են:

«Եզդի քաղաքական-հասարակական գործիչների նկատմամբ ճնշումները շարունակվում են Հյուսիսային Քուրդիստանում, այս մարդիկ կաշկանդված են նաև ճշմարտությունը ասելու։ Երկու ամիս առաջ, երբ այս ընտանիքների հայրերն էին էստեղ, տեղ էին փնտրում Հայաստանում, իրենք որևէ կերպ չէին խոսում քրդական իշխանությունների կատարած անօրինականությունների մասին՝ ասելով, որ մենք դեռ պետք է վերադառնանք և չգիտենք՝ կկարողանանք Հայաստան գալ, թե՝ ոչ, այսինքն՝ չվտանգենք մեր ընտանիքների անվտանգությունը»,- նշեց Բորիս Մուրազին։

Ֆադըլ ԴըՇարը պատմում էր, որ այսօր էլ սպանությունները շարունակվում են, մարդիկ առևանգվում են: Մի կողմից ահաբեկիչներն են սպառնում, մյուս կողմից էլ հատուկ ծառայությունների աշխատակիցներն են առևանգում հասարակական ակտիվություն ցուցաբերող մարդկանց:

«Անցած տարվանից հետո ճնշումները շարունակվում են, այսօր էլ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եզդիների ցեղասպանությունը չի կրկնվի: Շանգալում մեզ վրա հարձակվում էին արաբ մահմեդականներ, Քուրդիստանում՝ քուրդ մահմեդականներ»,- ասում է եզդի երիտասարդը:

Եզդի ընտանիքներն Արմավիրի մարզի տներից մեկում են ապաստան գտել: Ասում են՝ կփնտրենք աշխատանք ու կփորձենք ոտքի կանգնել:

«Կարևորը՝ Քուրդիստանից հեռու ենք, համենայնդեպս, մեր կյանքը վտանգված չէ»,- ասում է Ֆադըլ ԴըՇարը։

XS
SM
MD
LG