Մատչելիության հղումներ

Խանումյանի նկատմամբ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով


Այսօր առավոտյան «Իլուր» էլեկտրոնային կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը ստացել է վարույթը կարճելու և հետապնդումը դադարեցնելու մասին Դատախազության որոշումը:

«Նշում են, որ Խանումյանի կողմից դիտավորությամբ դատական ակտը չկատարելու փաստի առիթով քրեական գործի հարուցումը չի կարող արդարացված համարվել ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի պաշտպանության, հանցագործությունների կանխման կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտության տեսանկյունից: Այսինքն, Խանումյանի արարքում բացակայում է Քրեական դատավարության օրենքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը», - «Ազատության» հետ զրույցում փոստով ստացած նամակից մեջբերեց Խանումյանը:

Հիշեցնեմ․ Քննչական կոմիտեում Խանումյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հոդվածով: Խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Անցած մայիսին «Իլուր» կայքում հրապարակվել էր տեղեկություն, որ Շիրակի արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը հարձակվել ու բռնություն էր գործադրել գյումրեցի ճանաչված ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։ Միջադեպի մասին տեղեկությունը հրապարակել էին «Իլուր»-ն ու «Հրապարակ»-ը: Մեկ տարի առաջ դատարանը պարտավորեցրել էր այդ լրատվամիջոցներին բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Խանումյանի նկատմամբ քրեական հետապնդումը աղբյուրը չբացահայտելու որոշման արդյունքն էր:

Խանումյանի խոսքով՝ չկա անձամբ իրեն վերաբերող դատարանի որոշում․ այն «Իլուր»-ին էր պարտավորեցնում աղբյուր բացահայտել, իսկ այդ անվամբ գրանցված իրավաբանական անձ չկա․ - «Իրենք փաստորեն խոստովանեցին, որ իրավական անգրագիտություն են արել այս ամբողջ ընթացքում»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի խոսքով՝ կայացվել է քաղաքական որոշում․ - «Թող մեր այս իրականության մեջ իրավապահների գործունեությունը հայտնի ասացվածքի նման չլինի՝ հայի վերջին խելքը մերը լիներ: Ժամանակին է պետք ճիշտ որոշումներ կայացնել, ժամանակին է պետք ճիշտ քաղաքական մոտեցում ցուցաբերել և մտածել երկրի վարկանիշի մասին»:

Քրիստինե Խանումյանի գործը միջազգային բավական բուռն արձագանք ստացավ։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ արեց հրաժարվել մեղադրանքից: Ավելի վաղ Խանումյանին ներկայացված մեղադրանքին անդրադարձել էր մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը՝ այն որակելով «մտահոգիչ»:

Խանումյանի կարծիքով՝ եթե ԵԱՀԿ-ն չարձագանքեր, գործը դատարան էր հասնելու․ - «Եթե այս ճնշման արդյունքում խոստովանում են, այդ դեպքում ես պատկերացնում եմ, թե Հայաստանում ինչքան դեպքեր կարող են լինել նույնատիպ, որոնք արձագանք չեն ստանում միայն մեկ պատճառով, որ միջազգային ճնշում չկա: Եթե կան մարդիկ, որոնք հնարավորություն չունեն որևէ տեղ իրենց բողոքը արտահայտելու, նրանք կարող են այս տիպի որոշումներում նաև ազատազրկման ենթարկվել»:

Նա ասաց, որ փաստաբան Տիգրան Եգորյանի հետ քննարկելու է հետագա քայլերը։ Նրա կարծիքով, իրավապահների գործողությունները անպատասխան չպետք է մնան․ - «Չի կարելի մարդուն մեկ տարի շարունակ անընդհատ նամակներ ուղարկել, կանչել հարցաքննության, պահանջել աղբյուրը, գործ հարուցել, դատարանի որոշում և այլն, հետո հանկարծ միջազգային արձագանքից հետո հայտարարել, որ, վա՜յ, չի բխում ժողովրդավարական պետությունում այս ու այս իրավունքների շրջանակներից»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը հիշեցնում է, որ մինչև այժմ բացահայտված չէ գյումրեցի ըմբիշի հետ տեղի ունեցած միջադեպը։ Դատախազությունը քրեական գործը հարուցել էր լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, սակայն որևէ մեկին մեղադրանք չառաջադրվեց, իսկ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկատվության աղբյուրը բացահայտելու միջնորդությամբ դիմեց դատարան:

«Ամբողջ Գյումրին խոսում էր միջադեպի մասին: Որևէ խնդիր աղբյուրի առումով չկար: Լրատվամիջոցները ընդամենը արձագանքել են նրան, ինչի մասին ամբողջ քաղաքն է խոսում: Այս պարագայում չլուսաբանելը ուղղակի լրատվամիջոցների կողմից սխալ կլինեն», - ասաց Մելիքյանը:

Քրիստինե Խանումյանը փոխանցեց, որ «Իլուր» կայքը, իր հերթին, հետամուտ է լինելու այդ միջադեպի բացահայտմանը․ - «Մենք վստահ ենք, որ դեպքը եղել է»:

XS
SM
MD
LG