Մատչելիության հղումներ

Միլս․ «Կամրապնդենք մեր կապերը Հայաստանի օրենսդիր կառույցի հետ»


Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է գործակցել Հայաստանի կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ` զարգացնելու ժողովրդավարական հաստատությունները, ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը ռազմական համագործակցության միջոցով և ընդլայնելու երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակն ու տիրույթները: Այդ մասին ասել է Երևանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը՝ երեկ հանդիպելով Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի հետ:

«Ազգային ժողովը միանշանակ կարևոր գործընկեր է հայ-ամերիկյան կապերի խորացման հարցում, և մենք կաշխատենք առավել սերտորեն` ամրապնդելու մեր կապերը Հայաստանի օրենսդիր կառույցի հետ», - նշել է դեսպանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում ու կարևորել է խմբի գործակցությունը ոչ միայն Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության, այլև Միացյալ Նահանգների կոնգրեսականների հետ:

Պատգամավորներ, բարեկամական խմբի անդամներ Հերմինե Նաղդալյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը և Արծվիկ Մինասյանը, կարևորելով ԱՄՆ-ի հետ քաղաքական հարաբերությունները, ներկայացրել են խմբի օրակարգային հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ - թուրքական հարաբերություններին, ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը, Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցությանը, Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG