Մատչելիության հղումներ

Գյումրիի դպրոցներում աշակերտների փնտրտուքի մեջ են


Գյումրեցի երեխաները սպասում են իրենց դպրոցական առաջին զանգին, արխիվ
Գյումրեցի երեխաները սպասում են իրենց դպրոցական առաջին զանգին, արխիվ

Դպրոցների ֆինանսավորման չափը ուղիղ համեմատական է աշակերտների թվին․ մեկ աշակերտը դպրոցին բերում է մոտ 110 հազար դրամ: Մինչդեռ Գյումրիում այսօր չկա գեթ մեկ դպրոց, որտեղից արտագաղթի պատճառով երեխաներ հեռացած չլինեն:

Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցը, ուսումնական տարին չմեկնարկած, «արդեն մի քանի աշակերտ է կորցրել»,- ասում է տնօրեն Գրիգոր Հարությունյանը, հավելելով․ - «Էս պահի դրությամբ Ռուսաստան արտագաղթած երեք աշակերտ ունենք, երկու երեխա էլ Երևան են գնացել»:

Թիվ 2 ավագ դպրոցում պատկերը փոքր-ինչ այլ է: Արտագաղթին զուգահեռ այստեղ նաև ներգաղթ է եղել: Հարցին՝ ավելի շատ ներգաղթա՞ծ, թե՞ արտագաղթած աշակերտներ ունեն, տնօրեն Հովիկ Պետրոսյանը պատասխանեց․ - «Ուսումնական տարվա ավարտից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում 5 աշակերտներ հեռացել են Ռուսաստան: Նաև ասեմ՝ իրենք Ռուսաստանից էին եկել, մի քանի տարի մնացել ու նորից գնացել են: Բայց անցած ուսումնական տարում ավելի շատ եկել են, քան գնացել, Ռուսաստանից, Ուկրաինայից»:

Գյումրիի ավագ դպրոցներն այս տարի մեկ այլ խնդրի առաջ էլ են կանգնել: «Չի պահպանվում 12-րդ դասարանն ավարտողների քանակը, ընդունվողների քանակը ևս չի պահպանվում, նվազում է», - ասում է Հովիկ Պետրոսյանը:

Շիրակի մարզի ամենամեծը համարվող թիվ 7 հիմնական դպրոցում 1000 աշակերտ է սովորում: Դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանն ասում է, որ իրենց դպրոցից արտագաղթով պայմանավորված հեռացածներ էլ կան, ներգաղթած երեխաներ էլ ունեն:

«Մոտ 12 երեխա գնացել է արտերկիր»,- ասում է տնօրենն ու հավելում, որ նոր եկած երեխաների հաշվին էլ կարողանում են «բալանսը պահել»:

Ի տարբերություն նշված դպրոցների, թիվ 17 հիմնական դպրոցում աշակերտների թիվն անհամեմատ քիչ է՝ ընդամենը 138: Բայց արտագաղթը նույնիսկ այս դպրոցում եղած պատկերից է տեսանելի:

Տնօրեն Կարապետ Ներսիսյանի խոսքով, «աշակերտներ թվի բալանսը» ամեն ուսումնական տարում պահելը շատ դժվար է: Այդչափ քիչ թվով աշակերտների պարագայում արդյոք հնարավո՞ր է դպրոց պահել, այս հարցին Ներսիսյանը պատասխանեց. - «Եթե ուռճացված հաստիքներ չկան, մեր բյուջեն լրիվ բավարար է: Ես ունեմ ընդամենը 19 ուսուցիչ, դա լրիվ բավարար է: Բայց եթե ես 6 հաստիք խնդրեմ Պողոսից բերեմ, յոթերորդն էլ դնեմ գրպանս, իհարկե չի բավարարի»:

Արտագաղթի պատճառով թիվ 17 դպրոցից էլ հեռացածներ կան: Ըստ տնօրենի, հիմնականում գնում են Ռուսաստան և Թուրքիա, նաև Հոլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա:

Գյումրիի դպրոցներից հեռացած և դպրոց եկած աշակերտների թվերի հարաբերակցության իրական պատկերն ավելի հստակ կլինի սեպտեմբերին, ուսումնական տարվա մեկնարկից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG