Մատչելիության հղումներ

Խոշոր հարկատուները նախորդ տարվա համեմատ 15.3 տոկոսով քիչ հարկ են վճարել


Չնայած Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ տնտեսական աճը երկրում շարունակվում է, սակայն այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի խոշորագույն հազար հարկատուները 15.3 տոկոսով քիչ հարկ են վճարել, քան նախորդ տարի:

Եթե 2014 թվականի հունվար-հունիսին առաջին հազար խոշոր հարկատուները պետբյուջե էին փոխանցել 801.6 միլիոն դոլար հարկ, ապա այս տարվա առաջին կիսամյակում նկատելիորեն քիչ՝ 678.7 միլիոն դոլար:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է տնտեսական աճը շարունակվել, բայց երկրի տնտեսության գերակշիռ մասը կազմող խոշորագույն հարկատուները նախորդ տարվա համեմատ զգալիորեն քիչ հարկեր վճարեն:

Ճիշտ է, վերջերս կառավարությունը վերանայեց այս տարվա տնտեսական աճի իր ցուցանիշը և ավելի քան չորս անգամ այն նվազեցրեց՝ հասցնելով 1 տոկոսի, սակայն իշխանությունները, փաստորեն, շարունակում են պնդել՝ «տնտեսական աճ կա և տարին էլ կփակենք աճով»:

Էլ ավելի վաղ՝ մայիսին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը «դատարկ խոսակցություն» էր անվանել տնտեսական անկման մասին հայտարարությունները։

«Նման դատարկ խոսակցություններին պիտի վերջ տրվի, որ տնտեսական անկում ենք ունենալու։ Որոշ քաղաքական գործիչներ կամ քաղաքական ուժեր ցանկություն ունեն, որ կառավարությունը ձախողի, տնտեսական անկում արձանագրի, բայց ես համոզված եմ՝ իրենց ցանկությունը չի իրականանալու, և մենք արձանագրելու ենք տնտեսական աճ»,- ասել էր վարչապետը։

Անցած տարվա մայիսին վարչապետը հայտարարեց ստվերի դեմ պայքարի մեկնարկի մասին և անգամ վերջնաժամկետ ներկայացրեց հայաստանյան խոշոր գործարարներին՝ կա՛մ նրանք սեփական ցանկությամբ կսկսեն աշխատել հավասար դաշտում և դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները:

Միգուցե խոշոր ընկերությունների հարկերի կրճատումը պայմանավորված է ոչ թե տնտեսության վիճակով, այլ ստվերի դեմ պայքարի անհաջողությամբ: Օրվա ընթացքում Ֆինանսների նախարարությունից չհաջողվեց ճշտել այս հարցի պատասխանը:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «զավեշտալի» բնութագրեց իրավիճակը` ինչպե՞ս կարող են խոշորագույն ընկերությունները քիչ հարկ վճարել տնտեսական աճի պայմաններում:

«Մեզ մոտ տնտեսության լոկոմոտիվը ոչ թե փոքր և միջին բիզնեսն է, ինչպես ընդունված է զարգացած երկրներում, այլ խոշոր բիզնեսն է։ Եթե խոշոր բիզնեսի մոտ հարկերի վճարումը պակասում է, նշանակում է՝ մեր տնտեսության մեջ իրոք լուրջ խնդիրներ կան»,- ասաց տնտեսագետը։

XS
SM
MD
LG