Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Զեյթունում ամուսիններին սպանողը բացահայտվել է, փորձել է ինքնասպան լինել


Երեկ ժամը 18:55 ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի և հայտնել, որ Կարապետ Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում` թիվ 30 շենքի մոտ, կրակոց է լսվել, ամուսիններն ընկած են գետնին:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 18:50 հիշյալ շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով բազմաթիվ կրակոցներ է արձակել 53-ամյա Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ` 44-ամյա Լուսինե Մխիթարյանի վրա, որոնք ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 միլիմետր տրամաչափի 3 պարկուճ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանությունը կատարել է 44-ամյա Տիգրան Մ.-ն:

Ոստիկանության Երևանի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը ժամը 23:00-ին Տիգրան Մ.-ին նկատել են նշված շենքի 1-ին մուտքի նկուղ տանող աստիճանահարթակում:

«Տիգրան Մանուկյանը, նկատելով ոստիկանության ծառայողներին, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից կրակել է իր քունքին` փորձելով ինքնասպան լինել: «Շտապօգնության» մեքենայով նրան տեղափոխվել են հիվանդանոց», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի 9 միլիմետր տրամաչափի ատրճանակ, նույն տրամաչափի 2 փամփուշտ, 1 փամփուշտ էլ` ատրճանակի փողում, 1 գնդակ և 1 պարկուճ:

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Քննչական կոմիտեն, իր հերթին, հայտնում է, որ ամուսինների սպանության փաստով կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով՝ «երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով», և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»:

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG