Մատչելիության հղումներ

Ամերիկահայ կոնգրեսական. «Ես ունեմ հատուկ պարտավորություն»


ԱՄՆ Կոնգրեսի հայկական արմատներ ունեցող երկու անդամները՝ Աննա Էշուն (ձախից) և Ջեքի Սփայերը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական արմատներ ունեցող երկու անդամները՝ Աննա Էշուն (ձախից) և Ջեքի Սփայերը

Այդ պարտավորությունը, ըստ Աննա Էշուի, հայ - ամերիկյան հարաբերությունների զարգացմանը նպաստելն է:

Հայկական արմատներ ունեցող ամերիկացի կոնգրեսական Աննա Էշուն, որը մայրական կողմից նաև Բաբայան է, հայ - ամերիկյան կապերի ամրապնդման ամենաեռանդուն կողմնակիցներից մեկն է:

«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում կոնգրեսականն ասաց, որ հաշվի առնելով իր հայ-ասորական արմատները՝ կարող է հատուկ դեր խաղալ այդ հարաբերությունների ամրապնդման գործում:

«Ես զգում եմ, որ հատուկ պատասխանատվություն ունեմ, այսպես ասած, սուրբ պարտավորվածություն՝ օգնելու հայ ժողովրդի հետ հարաբերությունների զարգացմանը», - հայտարարեց Էշուն:

Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանում պետական և հանրային հաստատությունների զարգացմանը, համոզված է Աննա Էշուն, որի խոսքով՝ հենց այդ հաստատություններն են այնուհետև ժողովրդավարության զարգացման լավագույն գործիքը դառնում, ինչն էլ, իր հերթին, կբարելավի տնտեսական վիճակը երկրում:

Ներկայացնելով ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողությունների կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահական պատվիրակության կազմում Հայաստան կատարած այցից իր տպավորությունները՝ կոնգրեսականը նշեց, որ հաճույքով նկատել է տաղանդավոր երիտասարդների բազմությունը երկրում․ - «Երիտասարդներն ուզում են նայել դեպի ապագան։ Այսպիսով, Հայաստանը պետք է ի վիճակի լինի պահպանել այդ երիտասարդներին՝ պայմաններ ստեղծելով նրանց համար, որպեսզի տեղի չունենա ուղեղների արտահոսք և նրանք Հայաստանում մնալու պատճառ ունենան, վերականգնեն ու զարգացնեն երկրի տնտեսությունը»:

ԱՄՆ-ի տեխնոլոգիապես ամենազարգացած Սիլիկոնի հարթավայրը ներկայացնող կոնգրեսական Էշուի խոսքով, այս հարցում Հայաստանին լուրջ աջակցություն պետք է ցուցաբերի Միացյալ Նահանգները՝ օգնելով կրթել և իրենց երկրի ներսում նոր հնարավորություններ ստեղծել հայ երիտասարդների համար:

«Նրանք նայում են դեպի Արևմուտք և ցանկանում են արևմտյան ժողովրդավարություն կառուցել, ժողովրդավարություն, որը թույլ կտա երկիրը ոտքի կանգնեցնել», - ավելացրեց կոնգրեսականը:

Աննա Էշուն վստահեցրեց, որ ապագայում անպայման նպաստելու է Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացմանը, և հիշեցրեց, որ հայ ժողովուրդն Ամերիկայի Կոնգրեսում ունի բազմաթիվ բարեկամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG