Մատչելիության հղումներ

Աշխարհում ժողովրդավարության գործընթացներին հետևող բրիտանական Հենրի Ջեքսոն հաստատությունը մեղադրում է Ռուսաստանին Ինտերպոլի միջոցով չարաշահումներ իրականացնելու փորձերի մեջ։

Ըստ հաստատության զեկույցի, Մոսկվան Ինտերպոլին է հղում իր քաղաքական ընդդիմախոսներին տարբեր երկրներից Ռուսաստան արտաքսելու դիմումներ։

Ինտերպոլի անդամ 190 երկրները կարող են այս հաստատությանը ներկայացնել «Կարմիր գրառումներ» անվանումը ստացած դիմումներ՝ խնդրելով ձերբակալել ու արտահանձնել քրեական հանցագործությունների մեջ կասկածվող ու այլ երկրներում գտնվող քաղաքացիների։

Հենրի Ջեքսոն հաստատության կողմից հրապարակված «Ռուսաստանի կողմից Ինտերպոլի չարաշահումները» վերտառությամբ զեկույցի հեղինակ Դեյվիդ Սեթըրն ասում է․ - «Պետությունների համար շատ հեշտ է ներկայացնել «Կարմիր գրառումներ», քանի որ Ինտերպոլը գործում է վստահության հիմունքներով: Այդ պատճառով էլ, սակայն, չարաշահումների առջև այն երբեմն դառնում է խոցելի»:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում շատերի նկատմամբ են հարուցվում մեղադրանքներ՝ հիմքում ունենալով քաղաքական դրդապատճառներ։ Այդ մեղադրանքներն էլ Ռուսաստանի իշխանությունները ներկայացնում են Ինտերպոլին, ինչը նշված անձանց համար գրեթե անհնար է դարձնում ճամփորդելը։

Ռուսաստանի կողմից «Կարմիր գրառումներ»-ի դիմումների մեջ է հայտնվել նաև «Հերմիթեյջ Քեփիթալ» ներդրումային ընկերության հիմնադիր Բիլ Բրաուդերի անունը։ Հիշեցնենք՝ 2009 թվականին բանտում սպանել են Բրաուդերի դատապաշտպան Սերգեյ Մագնիտսկուն, որին ձերբակալել էին, երբ նա պետական կոռուպցիայի հարցերով հետաքննություն էր սկսել։ Մոսկվան այժմ Բրաուդերին մեղադրում է կեղծիքներ իրականացնելու մեջ և «Կարմիր գրառումներ»-ի խնդրանքով դիմել է Ինտերպոլին։ Դիմումը, սակայն, մերժվել է։

Անցյալ տարվա հոկտեմբերին Բուլղարիայի դատարաններից մեկը մերժեց Կրեմլի քաղաքական ընդդիմադիր Նիկոլայ Կոբլյակովին «Կարմիր գրառումներ»-ի միջոցով ձերբակալելու պահանջը։ Եվ ինչպես Կոբլյակովն է ասում, դա իր համար դարձավ եվրոպական արդարադատության ու սկզբունքների մի վառ օրինակ։

Ինտերպոլը նշում է մոնիթորինգ անցկացնող իր անկախ մարմնի գոյությունը, որի նպատակն է կանխել հնարավոր չարաշահումները։ Դեյվիդ Սեթըրի խոսքով, սակայն, այն երբեմն լավ չի աշխատում ու բոլոր գործերի առնչությամբ չէ, որ զբաղվում է։

«Ու եթե Ռուսաստանի պես երկրները շարունակեն չարաշահել Ինտերպոլին կից հաստատությունների հնարավորությունները, այս հաստատությունների դռները կփակվեն նրանց առջև», - ասում է նա։

Ինտերպոլը հրաժարվեց պատասխանել «Ամերիկայի Ձայն»-ի հարցերին, սակայն ներկայացրեց մի հայտարարություն, ըստ որի՝ այն չի ենթարկվում չարաշահումների, և ամեն երկիր ինքը պետք է որոշի, թե իր տարածքում որքան իրավական արժեք է տալիս «Կարմիր գրառումներ»-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG