Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկելու է «Բոինգ»-ի կործանման հարցով դատարան ստեղծելու առաջարկը


Ուկրաինա - Հոլանդացի քննիչները հետաազոտում են Malaysian Airlines-ի Boeing 777 կործանված օդանավի բեկորները, Հրաբովո գյուղ, 6-ը նոյեմբերի, 2014թ.
Ուկրաինա - Հոլանդացի քննիչները հետաազոտում են Malaysian Airlines-ի Boeing 777 կործանված օդանավի բեկորները, Հրաբովո գյուղ, 6-ը նոյեմբերի, 2014թ.

Ռուսաստանը կտրականապես դեմ է միջազգային տրիբունալին։

Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով 23։00-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք քննարկի Դոնբասում Malaysian Airlines ընկերության օդանավի կործանման հանգամանքները հետաքննելու նպատակով միջազգային դատարան ստեղծելու առաջարկը։

Ամստերդամ-Կուալա Լումպուր MH17 չվերթը կատարող «Բոինգ» օդանավը կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին։ Զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները` 298 մարդ, զոհերի մեծ մասը` Հոլանդիայից։

Ըստ նախնական ենթադրության, օդանավը SA-11 Buk տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռով, ամենայն հավանականությամբ, վայր են գցել Դոնբասի ռուս անջատականները։ Սակայն նրանք և Մոսկվան կտրականապես մերժում են այդ վարկածը, պնդելով, որ «Բոինգ»-ը ուկրաինացիներն են ոչնչացրել։

Միջազգային դատարան ստեղծելու Մալայզիայի առաջարկին կողմ են Նոր Զելանդիան, Ավստրալիան, Հոլանդիան և Ուկրաինան։ Ենթադրվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունը կօգտագործի վետո սահմանելու իրավունքը և կարգելափակի առաջարկի ընդունումը։

Ռուսները նույնպես բանաձևի օրինագիծ են ներկայացրել՝ առաջարկելով համապարփակ և արդար ուսումնասիրել օդանավի կործանման հանգամանքները, սակայն նախագծում դատարանի մասին խոսք չկա։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինի համոզմամբ, միջազգային դատարանի կարիք չկա, քանի որ օդանավի կործանումը միջազգային անվտանգության հարցերին չի առնչվում։

Հեռախոսով պատասխանելով «Ռոյթերզ»-ի հարցերին, նա ասել է, թե Մոսկվայից դեռ չի ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հստակ դիրքորոշում դրսևորելու կարգադրություն։

«Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ Անվտանգության խորհրդում բանաձև չի ընդունվի, մենք դեմ ենք»,- հավելել է Չուրկինը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայումս նախագահող Նոր Զելանդիան հաստատել է, որ Մալայզիայի նախագիծը կդրվի քվեարկության։

Քննարկմանը ներկա կլինեն Մալայզիայի, Ավստրալիայի, Հոլանդիայի, Բելգիայի և Ուկրաինայի արտգործնախարարները։

Այդ երկրների քննիչները հոլանդացիների առաջնորդությամբ ուսումնասիրում են «Բոինգ»-ի կործանման հանգամանքները։ Վերջերս CNN հեռուստակայանը հրապարակել է հոլանդացի քննիչների նախնական եզրակացությունը, որի համաձայն՝ օդանավը ռուս անջատականներն են վայր գցել։ Հոլանդացիները վերջնական զեկույցը կհրապարակեն այս տարվա հոկտեմբերին։

«Եթե բանաձև ստանա 9 կամ ավելի քվե, ապա մենք վետո կդնենք, եթե 9 քվեից քիչ լինի` բանաձևը չի անցնի, բայց, ավաղ, կարծում եմ՝ 9 քվե կտան»,- ասել է Չուրկինը։

ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Սերգեևն ասել է, որ նույնիսկ վետոյի դեպքում հնարավոր է տրիբունալ ստեղծել, «քանի որ Ռուսաստանը չի կարող վետոյի ենթարկել օդանավի կործանումից տուժած պետությունների արդարության պահանջը, վետոյի դեպքում այդ երկրները կստեղծեն դատարան, որը կգործի ՄԱԿ-ի շրջանակներից դուրս»։

Մինչդեռ, «Կոմերսանտ» պարբերականը հրապարակել է բանաձևի նախագիծը, որը քննարկության կդրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Ըստ նախագծի, այդ բանաձևի միակ նպատակն է «բացահայտել ողբերգության հանգամանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ընդ որում՝ ոչ միայն անմիջական կատարողներին, այլև նրանց, ովքեր արձակել են հանցավոր հրամանը»։

Նախագծի հեղինակների փոխանցմամբ, միջազգային դատարանը կարելի է ստեղծել ՄԱԿ-ի կանոնադրության այն հոդվածներով, որոնք ներառված են 7-րդ գլխում` «Գործողություններ խաղաղության վտանգման, խաղաղության խախտման և ագրեսիայի առնչությամբ»։

Մոսկվան բազմիցս հայտարարել է, թե դեմ է միջազգային տրիբունալին, քանի որ «դրա նպատակն է իսկական հետաքննությունը վերածել քաղաքական շոուի»։

Բանաձևի նախագծում հիշատակվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2014 թվականի հուլիսի 21-ի բանաձևը, որը պահանջում է «պատասխանատվության ենթարկել օդանավի կործանման համար մեղավորներին»։

Տրիբունալը, որն առաջարկում են ստեղծել Մալայզիան և գաղափարի կողմնակից մնացած երկրները, պետք է ունենա երեք պալատ։

Դրանցից առաջինը զբաղվելու է նախադատական քննությամբ, երկրորդը` բուն դատավարությամբ և երրորդը` հնարավոր բողոքարկման հարցերով։

Դատարանը կունենա գրասենյակ և դատախազ։ Դատավճիռը պետք է կայացնի երեք դատավոր, բողոքարկման պալատում կլինի հինգ պաշտոնյա։ Առավել ծանր պատժաչափը` 30 տարվա ազատազրկում։ Դատավճիռը կունենա գերակայություն ազգային դատարանների վճիռների նկատմամբ։

Դատական գործընթացի ծախսերը հոգալու են կամավոր ներդրողները, միջպետական և ոչ կառավարական կազմակերպությունները։

Ահա այս առաջարկն այսօր երեկոյան պետք է քննարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Այսօր ավելի վաղ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և հորդորել է նրան հանուն արդար քննության չկիրառել վետոյի իրավունքը։

Ռուսաստանի ղեկավարը Հոլանդիայի վարչապետին ասել է, որ միանշանակ դեմ է միջազգային դատարան ստեղծելու գաղափարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG