Մատչելիության հղումներ

Բաղրամյանի դեպքերով քրգործը «դանդաղ է ընթանում»


Որպես տուժող ներգրավված լրագրողի կարծիքով, «գործն ուզում են սառեցնել», քանի որ «Քրեական օրենսգիրք խախտածներին քրեական պատժի փոխարեն կարգապահական տույժի են ենթարկում»։

Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերի առիթով Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցված գործի քննությունը դանդաղ է ընթանում: «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով գործում ներգրավված է որպես «Իպրեսս» ինտերնետային կայքի օպերատոր, գործով տուժող ճանաչված Տիգրան Հակոբյանի ներկայացուցիչ։

Սաքունցի խոսքով, գործում այս պահին մեղադրյալներ և կասկածյալներ չկան, նախաքննությունն էլ մեկ քննիչ է վարում։

«Ոստիկանության տասնյակ աշխատակիցների ապօրինի գործողությունների մասին է խոսքը և առնվազն 285 քաղաքացիների նկատմամբ գործադրված բռնությունների մասին: Եվ որպեսզի մեկ քննիչը կարողանա ողջամիտ ժամկետում քննություն իրականացնել, դա իհարկե այնքան էլ հավանական չէ»,- ասում է Սաքունցը:

Քրեական գործը, հիշեցնենք, հարուցվել է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի լուսադեմին իրականացված ոստիկանական գործողության ընթացքում և դրանից հետո պաշտոնեական դիրքն օգտագործելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ օգտագործելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առիթով:

Սաքունցը տեղեկացրեց, թե այս ընթացքում միջնորդություններ են ներկայացնում նախաքննական մարմնին։ Նաև ասաց՝ երկու փոխոստիկանապետեր Հունան Պողոսյանին և Լևոն Երանոսյանին, ինչպես նաև բռնություն գործադրած մյուս ոստիկաններին մեղադրանք առաջադրելու լուծումը ՀՔԾ քննիչը հետաձգել է, ցույցը ցրելուն մասնակցած ոստիկաններին դատաթմրաբանական փորձաքննության ենթարկելունը՝ մերժել։

«Մենք գիտենք, որ խաղաղ ցուցարարներին, որոնց ապօրինի բերման էին ենթարկել ոստիկանության բաժիններ, ենթարկել են փորձաքննության ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործման փաստը ճշտելու համար, բայց մենք տեսնում ենք, որ կա ակնհայտ խտրական վերաբերմունք»:

Արթուր Սաքունցի կարծիքով, հետաձգված միջնորդությունները մերժելը «դժվար է լինելու»։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է նաև այն ոստիկանների անուն-ազգանունները, որոնց ինքնությունը կազմակերպությունը կարողացել է պարզել։ Միջնորդությանը կից ներկայացրել են նաև քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների լուսանկարները:

«Չնայած առանձնահատուկ հույս, որ կլինի օբյեկտիվ քննություն, չունենք, բայց, այնուամենայնիվ, տեսանյութերի ձևով փաստական հանգամանքներն առավել քան առկա են: Նաև առավել քան ակնառու են լրագրողների կողմից ոստիկանության ապօրինի գործողությունները հաստատող տեսանյութերի ոչնչացմանն ուղղված հրահանգները»,- շարունակում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:

Հունիսի 23-ին բռնության ենթարկված ավելի քան տասը լրագրողներից մի քանիսը, Արթուր Սաքունցի խոսքով, գործով տուժող են ճանաչվել։

«Հայկական ժամանակ»-ի թղթակից Մկրտիչ Կարապետյանին հեռախոսազանգով տեղեկացրել են, որ ինքն էլ է տուժող։ Կարապետյանն այժմ մտադիր է հրաժարվել կարգավիճակից, ասում է՝ «հարցաքննությունները շատ ժամանակ են խլում»: Բացի այդ, կան լրագրողներ, որոնք իրենից ավելի շատ են տուժել, ասում է լրագրողն ու հավելում․ - «Օրինակ, օպերատոր կա, որին ուշագնաց տարել խմբագրության մոտ են հասցրել, մեկ ուրիշ լրագրող էլ կա, որին 2-3 անգամ տարբեր ժամերի ծեծել են, օպերատորներ կան, որոնց ապարատներն են վնասել, իմ դեպքը ընդհանուր առմամբ երևի դրանցից ամենաթեթևն է»:

Լրագրողը նաև կարծիք է հայտնում, թե «գործն ուզում են սառեցնել»։ Հունիսի 23-ի դեպքերի առնչությամբ մինչ այս պահը ոստիկանությունում իրականացված ծառայողական քննության արդյունքում 12 ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել։

«Մեկ ամսից ավելի անցել է, ֆոտոները կան, վիդեոները կան, ամեն ինչ կա ու ոչ մի տեղաշարժ չկա, ինչ-որ անհասկանալի կոչումներից են զրկում, կամ կարգապահական տույժերի են ենթարկում, մարդիկ Քրեական օրենսգիրք են խախտել, հետևաբար պետք է քրեական պատիժ կրեն, կոչումը իջեցնելը կամ կարգապահական տույժի ենթարկելը անիմաստ գործ է», - տարակուսում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը:

XS
SM
MD
LG