Մատչելիության հղումներ

Հաշմանդամ մարզիկը երազում է մասնակցել պարալիմպիկ խաղերին


Վանաձորցի 31-ամյա Հարություն Մխիթարյանին հաշմանդամի սայլակը չէ, որ խանգարում է իրականություն դարձնել իր առջև դրած նպատակը՝ դառնալ բազկամարտի աշխարհի չեմպիոն և մասնակցել 2016-ին Բրազիլիայում կայանալիք պարալիմպիկ խաղերին:

2005 թվականից ի վեր Հարությունը ամեն տարի հաջողություններ է գրանցում ծանրամարտի և բազկամարտի հանրապետական մրցաշարերում: Արտասահմանյան մրցաշարերի մասնակցելու համար ֆինանսական հնարավորություններ չկան, իսկ պետությունը ոչնչով չի աջակցում: Պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար, մինչդեռ, հարկավոր է վարկանիշային միավորներ հավաքել միջազգային մրցաշարերում:

Ութ տարեկանում ծառից վայր ընկնելը ճակատագրական եղավ Հարությունի համար: Ողնաշարը վնասվեց, ինչի հետևանքով Հարությունն արդեն 22 տարի է տեղաշարժվում է սայլակով:

Վեց տարի փակված մնալով բարձրահարկ շենքի իր բնակարանում՝ զբաղվել է ինքնակրթությամբ, և միայն 2005-ին, երբ արդեն վերելակներն աշխատեցին, Հարությունը որոշեց զբաղվել սպորտով:

Հիշում է, թե ինչ դժվարությունների առաջ է կանգնել հաշմանդամի սայլակի պատճառով, բոլոր մարզասրահներում մերժում էին: Եվ միակ մարզչի՝ Վալերի Մեժլումյանի ընձեռած հնարավորությունը լիովին փոխեց կյանքը:

Հարությունը այսօր ինքն էլ մարզիչ է, նաև աշխատում է ՏԿԱԻՆ-ի ճգնաժամային կենտրոնում: Ասում է՝ ոչ թե ինքն է ինտեգրվել հասարակությանը, այլ հասարակությունը՝ իրեն․ - «Վանաձորի բնակչությունը սովորել է, մերվել է, հասկանում է, որ տարբերություն չկա»:

Սայլակով ինքնուրույն է տեղաշարժվում, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է դիմում ընկերներին: Բայցև գիտի, որ իր պես շատ մարդիկ միայնակ են ու տեղաշարժման լուրջ խնդիրներ ունեն, որովհետև քաղաքում չկան թեքահարթակներ, հնարավոր չէ օգտվել տրանսպորտից:

XS
SM
MD
LG