Մատչելիության հղումներ

«Ոտքի՛, Հայաստան»-ը անհնազանդության ակցիաներ կանցկացնի քաղաքի նաև այլ հատվածներում


«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյան, 29-ը հուլիսի, 2015թ.
«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյան, 29-ը հուլիսի, 2015թ.

Շարժման անդամ Դավիթ Սանասարյանի խոսքով, «պայքարի օջախները պետք է շատացնել»։

«Ոտքի՛, Հայաստան» շարժումը պայքարի նոր մարտավարության է պատրաստվում. նստացույցի երրորդ օրը փորձելու են քաղաքացիական անհնազանդության ակցիաները Հանրապետության հրապարակից տարածել Երևանի նաև այլ հատվածներում։

«Կոչ եմ անում, որ ովքեր կարծում են, որ այստեղ է սխալ նստելը, Բաղրամյան 26-ում է ճիշտ, թող գնան Բաղրամյան 26, ովքեր՝ Օպերայում, թող գնան Օպերա։ Մի խոսքով, պայքարի օջախները պետք է շատացնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյանը։

Նստացույցը հրապարակի կենտրոն տեղափոխել առայժմ չի հաջողվում, բայց գոնե հարակից փողոցները կարճատև փակելու իրենց փորձերից ցուցարարները դժգոհ չեն։ Այսօր նույնը խոստանում են արդեն նոր թափով։

«Եթե 30 քաղաքացու դիմաց հանում են 1000 ոստիկան, ապա ինչքան մարդկանց թիվն ավելանում է, այնքան նրանց մոտ ճգնաժամ է առաջանում։ Պատկերացրեք, որ [ակցիայի մասնակիցների] մի մասը գնա Ամիրյան փողոցը մի քանի անցումով ուղղակի փակի, մի մասը գնա Վազգեն Սարգսյան փողոցը փակի, մի մասը գնա Աբովյան փողոց, ինչքան շատ մարդ՝ այդքան կաթվածահար է լինում քաղաքը», - ասաց Սանասարյանը։

«Ոտքի՛, Հայաստան»-ի անհնազանդության ակցիային ակտիվ մասնակցում են նաև «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները։ Շարժման ամենահայտնի անուններից մեկը՝ Վաղինակ Շուշանյանը երեկ պարբերաբար փակում էր Ամիրյան փողոցի երթևեկությունը։

«Որպես շարքային քաղաքացի, ում հոսանքը կրկին թանկանում է, սա նաև իմ խնդիրն է, և ես այստեղ եմ, ու ցանկացած մեթոդով, ինչով կարելի է պայքարել դրա դեմ, պետք է պայքարվի։ Սա մի կողմից ազդանշան է վերևներին, որ մենք, թեկուզ փոքրաթիվ քանակով, կարող ենք ձեզ համար լիքը խոչընդոտներ ստեղծել։ Այնպես որ, ավելի լավ է սթափվե՛ք, ինչպես կասեր Վովա Գասպարյանը՝ սթափվե՛ք և ռեա՛լ նայեք այս ամեն ինչին, որովհետև ցանկացած պարագայում՝ գիշեր լինի, թե՝ ցերեկ, մենք ձեզ հանգիստ չենք թողնելու, մինչև մեր պահանջը արդարացի լուծում չստանա», - ասաց Շուշանյանը։

Տասնյակից ավելի ակտիվիստներ այսօր կրկին լուսացրել են Հանրապետության հրապարակում։ Սակայն, ի տարբերություն նախորդ օրվա, այս գիշերն առանց միջադեպերի չի անցել։

«Մեկը ջիպով մոտեցել է այստեղ, տղաներին հայհոյել է։ Ոստիկաններն ադեկվատ չեն պահել իրենց՝ ոստիկանները տղաներին են քաշքշել և ոչ թե նրանց», - ասաց Սանասարյանը։

Թեև քաղաքացիական անհնազանդությունները սկսվում են հիմնականում երեկոյան ժամերին, այդուհանդերձ ոստիկանության ուժերը ողջ օրը չեն հեռանում տարածքից։ Չնայած ցերեկվա շոգին, ոստիկանները շղթա կազմած հերթապահում են՝ փակելով հրապարակի կենտրոնական հատվածը։

«Ոտքի՛, Հայաստանը»-ը նախատեսել էր նստացույցն ավարտել վաղը երեկոյան, բայց շարժման անդամներն արդեն հայտարարում են, որ հնարավոր է սցենարն ու պահանջները փոխվեն, եթե իշխանությունները չբավարարեն իրենց հիմնական պահանջը՝ չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG