Մատչելիության հղումներ

Իրան - Եվրամիություն հարաբերություններում «նոր էջ է բացվել»


Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Թեհրանում Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, 28-ը հուլիսի, 2015թ.
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Թեհրանում Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, 28-ը հուլիսի, 2015թ.

Թեհրանում Մոհամադ Ջավադ Զարիֆն ու Ֆեդերիկա Մոգերինին համատեղ ասուլիս են տվել։

«Իրան - Եվրամիություն հարաբերություններում նոր էջ է բացվել», - հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախօրեին Թեհրանում Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն մեկօրյա այցով ժամանել էր Թեհրան՝ Իրանի իշխանությունների հետ քննարկելու միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության իրականացման հարցը։

Կողմերը նաև Եվրամիություն - Իրան հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Ներկայացնելով բանակցությունների արդյունքները՝ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, թե պայմանավորվել են բարձր մակարդակի բանակցություններ սկսել մի շարք հարցերի, այդ թվում՝ Իրանում մարդու իրավունքների վիճակի շուրջ։

«Կողմերը 80 օրում կներկայացնեն Եվրամիություն - Իրան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված փոխադարձ միջոցառումների ցանկ, որն էլ կքննարկվի արտգործնախարարների մակարդակով», - ասել է Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Իրանի արտգործնախարարի խոսքով, այդ միջոցառումներն իրականում ուղղված են լինելու միջուկային համաձայնագիրը կյանքի կոչելուն, տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի, մարդու իրավունքների ոլորտներին։

Եվրամիության բարձր ներկայացուցիչը, իր հերթին, վստահեցրել է, որ համաձայնագիրը կյանքի կոչելով Իրանի համար Արևմուտքի հետ համագործակցության նոր ուղիներ կբացվեն։ Մոգերինին հավելել է, որ այն նաև կնպաստի տարածաշրջանային անվտանգության բարելավմանը։

«Ես խոսում եմ եվրոպական բոլոր երկրների անունից և հայտարարում եմ, որ ոչ միայն պատրաստ ենք աջակցել միջուկային համաձայնության կատարմանը, այլև առավել ընդլայնել մեր համագործակցությունը, քան նախկինում էր», - նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը։

Նշենք, որ Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորած պատվիրակությունը Թեհրան է ժամանել Սաուդյան Արաբիայից, որտեղ ևս մի շարք հանդիպումներ են կայացել իշխանությունների հետ։

Մինչ տարածաշրջանային այս այցելությունը Մոգերինին բրիտանական «Գարդիան» պարբերականում հոդված է հրապարակել, որում համոզմունք է հայտնել, թե Արևմուտքի և մուսուլմանական աշխարհի դաշինքը հզոր զենք կարող է դառնալ ահաբեկչության դեմ պայքարում։

«Ոչինչ այնքան չի սարսափեցնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, որքան Արևմուտքի և մահմեդական աշխարհի մերձեցումը», - հոդվածում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG