Մատչելիության հղումներ

Անկարային մտահոգում են քրդերի մարտական ու քաղաքական հաջողությունները


Թուրքիա - Hercules C-130 ռազմական օդանավը Ինջիրլիքի ռազմակայանում, 28-ը հուլիսի, 2015թ․

Թուրքիա - Hercules C-130 ռազմական օդանավը Ինջիրլիքի ռազմակայանում, 28-ը հուլիսի, 2015թ․

Ծայրահեղականների դեմ գործողություններ սկսելու մասին հայտարարած Թուրքիան ռմբակոծում է «Իսլամական պետության» դեմ կռվող քրդերի դիրքերը։

Սիրիայում և Իրաքում քրդական ուժերը կատաղի մարտեր են մղում ընդդեմ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման։ Նրանք վերջին մի քանի ամիսների ընթացքում ընդարձակ տարածքներ են ազատագրել՝ նաև ամերիկյան օդուժի գրոհների շնորհիվ։ Սակայն քրդերն այսօր հայտնվել են Թուրքիայի ռազմական օդանավերի թիրախում։

Թուրքիայի կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարեց, թե միանում է «Իսլամական պետության» դեմ պայքարին։ Սակայն ինչպես քրդական խմբերի ղեկավարներն են ասում՝ Թուրքիայի կողմից իրականացվող գրոհներն ուղղվում են ոչ թե «Իսլամական պետության», այլ հիմնականում քրդերի ու ձախակողմյան ուժերի դեմ։

Քրդական մեծ համայնքներ կան Սիրիայում, Իրաքում, Իրանում ու Թուրքիայում, որտեղ տասնամյակներ շարունակ նրանք ենթարկվել են ծայրահեղ խտրականության։ Ու դրա գլխավոր պատճառը քրդաբնակ այս հատվածներում անկախ քրդական պետություն հիմնելու քրդերի ձգտումն է եղել։

Եվ այսօր, երբ Թուրքիայի սահմանի երկայնքով քրդերն ամրապնդում են «Իսլամական պետություն»-ից ազատագրված տարածքներում իրենց դիրքերը, մյուս կողմից՝ Արևմուտքի աչքի առջև ամրապնդում նաև իրենց քաղաքական դիրքերը, օրինակ՝ Թուրքիայում, Անկարայի համար դառնում են ավելի վտանգավոր, քան «Իսլամական պետություն» խմբավորումը։

Թուրքիան «Իսլամական պետություն» խմբավորմանն ու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) դիտում է նույն հարթակում ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի շուրթերով հայտարարում, թե «ինչպե՞ս կարելի է ասել, որ ահաբեկչական խմբավորումներից մեկն ավելի լավն է, քանի որ պայքարում է ընդդեմ ահաբեկչական մյուս խմբավորման»։

Թուրքիան «Իսլամական պետության» դեմ սկսած գործողությունների ընթացքում ձերբակալել է ավելի քան հազար հոգու, որոնց 80 տոկոսը, ըստ քուրդ պաշտոնյաների, Քրդական աշխատավորական կուսակցությանը կամ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանն աջակից քրդեր են։

Թուրքիան իր համար վտանգ է համարում ոչ միայն մարտի դաշտում քրդերի հաջողությունները, այլ նաև նրանց քաղաքական հաջողությունը երկրի ներսում, որտեղ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 13 տոկոսը։ Ու այժմ, ասում են քրդերը, Թուրքիայի իշխանություններին հարկավոր է քաոս, քանի որ եթե եկող մի քանի շաբաթների ընթացքում նախագահ Ռեջեփ Էրդողանի կուսակցությանը չհաջողվի քրդերի հետ կազմել կոալիցիոն կառավարություն, կհայտարարվեն նոր ընտրություններ։

Սակայն քրդերին մտահոգում է այն, որ մինչև այդ կձերբակալվեն Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդները, կամ էլ ընդհանրապես կարգելվի այս կուսակցությունը, ու, վերլուծաբանների կանխատեսմամբ, Էրդողանը կփորձի ցույց տալ, որ ինքը Թուրքիան պաշտպանում է և՛ արտաքին, և՛ ներքին սպառնալիքներից։ Նա արդեն հայտարարել է, թե քրդերի հետ խաղաղության գործընթացն այլևս չի կարող շարունակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG