Մատչելիության հղումներ

Կայացավ հակակոռուպցիոն խորհրդի անդրանիկ նիստը


Հակակոռուպցիոն խորհրդի առաջին նիստը, 28-ը հուլիսի, 2015թ․

Հակակոռուպցիոն խորհրդի առաջին նիստը, 28-ը հուլիսի, 2015թ․

Վարչապետը խոստանում է «առանց կաշկանդվածության վեր հանել կոռուպցիոն բոլոր ռիսկերը»: Փորձագետները թերահավատ են՝ «եթե քաղաքական կամք չլինի, կմնա նույն իմիտացիան»:

«Հայաստանի իշխանությունները նախատեսում են ձևավորել օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների մի ամբողջ դաս, որի միջոցով էլ պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ»:

Կառավարության հակակոռուպցիոն նոր խորհրդի այսօր կայացած առաջին նիստին, ներկայացնելով Հայաստանի արդեն երրորդ հակակոռուպցիոն ռազմավարությունը, այս մասին հայտարարեց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը: Խորհուրդը հավանություն տվեց ներկայացված ռազմավարությանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդը ձևավորվել է անցած փետրվարին: Այսօրվա նիստին քաղաքական ուժերից մասնակցում էին միայն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Նիստին մասնակցում էին նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նախարարի պաշտոնակատարը մանրամասնեց, թե մասնավորապես ինչ է առաջարկվում նոր ռազմավարությամբ:

«Նախագիծն առաջարկում է հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց օրինավոր և բարեխիղճ վարքագիծն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում, շահերի բախումը կանխարգելող գործնականորեն կիրառելի կառուցակարգերի ձևավորում»:

Ըստ ռազմավարության, հակակոռուպցիոն ծրագիրը իրականացվելու է թիրախային չորս ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, պետեկամուտների հավաքագրում և ոստիկանություն:

«Ամբողջապես կվերանայվեն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքը, հանրային ծառայողների էթիկայի կանոնները, շահերի բախման, գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտները, կբարեփոխվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործիքակազմը»,- շարունակեց Արսեն Մկրտչյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, խորհրդում հավանության արժանացած ռազմավարությունն իր կողմից կներկայացվի կառավարության հավանությանը, որպեսզի փաստաթուղթը դառնա իրավական ակտ:

«Մենք պետք է հուսախաբ անենք այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում մասնակցել մեր խորհրդի նիստին: Մեր լավ աշխատանքով, արդյունավետ, արդար և թափանցիկ աշխատանքով: Եվ իրոք, կոռուպցիոն բոլոր ռիսկերը մենք պետք է վեր հանենք, մենք որևէ կաշկանդվածություն չունենք, մենք որևէ պատասխանատվություն կառավարության որևէ անդամի կամ չինովնիկի նկատմամբ չունենք: Մենք շատ բաց ենք, թափանցիկ ենք և մենք կնպաստենք, որ յուրաքանչյուր թերացում, բացթողում, կոռուպցիոն ռիսկ վեր հանվի և քննադատվի, համապատասխան մեթոդով մենք պատժենք», - ասաց վարչապետը:

Լրատվամիջոցներում բազմիցս է նշվել նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և իշխանության բազմաթիվ այլ ներկայացուցիչների ընտանիքների անդամներին, հարազատներին պատկանող տարաբնույթ բիզնեսների մասին: Չնայած այդ հանգամանքին, 2012 թվականի հունվարից գործող բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը որևէ պաշտոնյանի հետ կապված չի հայտնաբերել շահերի բախման որևէ դեպք և չի նշել գեթ մեկ պաշտոնյայի անուն, ով հարստացել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքով, ժամանակը ցույց կտա, թե իշխանությունները որքանով են լուրջ տրամադրված երկրում կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Հոկտանյանը ընդգծում է՝ ինքն այսօր պարզապես ներկա էր հակակոռուպցիոն խորհրդի նիստին և չէր մասնակցում դրա աշխատանքներին:

«Սերժ Սարգսյանը ժամանակին ասել էր՝ պետք է մեծերի գլխից բռնել, ինչ եք կարծում, դա հնարավոր կլինի՞»,- լրագրողների այս հարցին Հոկտանյանն արձագանքեց․ - «Տեսնենք, կլինի քաղաքական կամք՝ մեծերի գլխից կբռնեն, չի լինի քաղաքական կամք՝ կմնա նույն իմիտացիան»:

XS
SM
MD
LG