Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն Թուրքիայի խնդրանքով արտակարգ ժողով է գումարում


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ գումարվել է Հյուսիսատլանտյան խորհրդի ժողովը, որի օրակարգում Թուրքիայի հայտն է, Բրյուսել, 28-ը հուլիսի, 2015թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ գումարվել է Հյուսիսատլանտյան խորհրդի ժողովը, որի օրակարգում Թուրքիայի հայտն է, Բրյուսել, 28-ը հուլիսի, 2015թ.

Քրդամետ վերլուծաբաններն ասում են, որ պայքարի զոհը հերթական անգամ քրդերն են դառնում։

Իրավիճակը թուրք-սիրիական և թուրք-իրաքյան սահմաններին օրըստօրե սրվում է։ Անկարան և Վաշինգտոնը քննարկում են «Իսլամական պետություն» շարժման ներկայությունը Թուրքիային սահմանակից սիրիական շրջաններում իսպառ վերացնելու հնարավորությունը։

Դա կերաշխավորի այնտեղ ապաստանած սիրիացի բազմաթիվ փախստականների անվտանգությունը և միաժամանակ կփակի «Իսլամական պետության» ջոկատներին զենք ու զինամթերք հասցնելու ճանապարհները։

Խոսքը մոտ 110-կիլոմետրանոց տարածքի մասին է, որը դեռևս գտնվում է «Իսլամական պետության» կամ, ինչպես արաբական աշխարհում են ասում, Daesh-ի հսկողության տակ։ Անկարան ամերիկացիներին տվել է Ինջիրլիքի օդային ռազմակայանից գրոհներ իրականացնելու թույլտվություն։

Այստեղ ոչ միայն «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի պայքարն է, որին երկար ժամանակ ծանրութեթև անելուց հետո ի վերջո միացել է Թուրքիան։

Ցանկացած խոշոր տեղաշարժ առնչվում է նաև տարածաշրջանում բնակվող քրդերին։ Օգտվելով առիթից, թուրքերը հարվածներ են հասցնում և՛ «Իսլամական պետությանը», և՛ դրա ջոկատների գրոհներից տուժող, սակայն Անկարայում սպառնալիք համարվող քրդերին` Իրաքի հյուսիսում դիրքավորված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դիրքերին։

Կուսակցությունը երեկ արդեն չեղյալ է հայտարարել ժամանակին թուրքական իշխանության հետ կնքած հրադադարը։ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն այսօր հաղորդել է, որ քուրդ զինյալները Իրանի տարածքում պայթեցրել են Թավրիզից Անկարա անցկացված գազատար խողովակաշարը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հաստատել է, որ վերսկսում է պայքարը քրդական ջոկատների դեմ․ - «Հնարավոր չէ խաղաղության գործընթացը շարունակել նրանց հետ, ովքեր վտանգում են Թուրքիայի ազգային միասնությունը և ամբողջականությունը։ Մեզ անհրաժեշտ է ազգային միասնություն և եղբայրություն: Եղբայրությունը խաղաղության գործընթացից վեր է և հարատև արժեք է»։

Թուրքերը նաև ՆԱՏՕ-ի աջակցությունն են հայցում։ Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել արտակարգ ժողով, որը քննարկել է Անկարայի հայտը։

«Մեր ժողովը հաստատեց, որ Հյուսիսատլանտյան խորհուրդը համերաշխ է Թուրքիայի հետ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարդ Յենս Ստոլտենբերգը։ Նրա փոխանցմամբ, Թուրքիան ՆԱՏՕ-ի լրացուցիչ ներկայություն չի հայցել։

«Մենք գիտենք, որ Թուրքիան հավատարիմ դաշնակից է, Թուրքիան ունի շատ հզոր զինված ուժեր, դա մեր դաշինքում մեծությամբ երկրորդ բանակն է», - ասել է Ստոլտենբերգը։

Քրդամետ դիրքորոշման որոշ մեկնաբաններ ահազանգում են, որ այս պայքարում քրդերը հերթական անգամ զոհաբերվում են։ Նրանց համոզմամբ՝ Թուրքիան միանում է «Իսլամական պերտության» դեմ պայքարին քրդերին վերստին ճշնելու իրավունքի դիմաց։

Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, շնորհակալություն է հայտնել «Իսլամական պետության» հենակետերին հարվածներ հասցնելու համար՝ միաժամանակ հորդորելով պահպանել քրդերի հետ խաղաղության հնարավորությունը։

Ինքը Դավութօղլուն CNN հեռուստակայանին ասել է, թե այս պայքարը ոչ թե քրդերի, այլ PKK-ի դեմ է։ «Իսլամական պետություն»-ը ոչ միայն խնդրի դրդապատճառն է, այլև ճգնաժամի արդյունք է: Եթե կա մի անձ, ով պատասխանատվություն է կրում Սիրիայում այս ահաբեկչական հանցանքների և մարդասիրական ողբերգությունների համար, դա քաղաքացիական բնակչությանը ռմբահարող և քիմիական հարվածների ենթարկող Բաշար Ասադն է», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG