Մատչելիության հղումներ

logo-print

Երվանդ Զախարյանը պնդում է, որ «Նաիրիտ»-ի սնանկացումը ձեռնտու չէ կառավարությանը


Համաշխարհային բանկը, մինչդեռ, ուսումնասիրելով «Նաիրիտ» գործարանի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության հնարավորությունները, եզրակացրել է, որ խորհրդային շրջանի քիմիական հսկան ենթակա է լուծարման։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր Ազգային ժողովում «Նաիրիտ»-ի հարցով հրավիրված քննարկմանը, որին մասնակցում էին նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, հայտարարեց, թե կառավարությանն ամենևին ձեռնտու չէ «Նաիրիտ» գործարանի սնանկացումը, քանի որ դա «բերելու է իր հետ բավականին մեծ ֆինանսական ծախսեր՝ անվտանգության հետ կապված, վնասազերծման հետ կապված»:

Նախարարը մի քանի անգամ շեշտեց, որ սնանկացման գործընթացն ավելի թանկ կնստի կառավարության վրա, քան ընկերությունը շահագործելը. - «Այն կարծիքը, որը շրջանառվում է հանրության մեջ, լրատվամիջոցներում և որոշ ընկերների մոտ, թե կառավարությունը ցանկություն ունի և տանում է գործարանը լուծարման, ես ուզում եմ պատասխանատու հայտարարել, որ դա բոլորովին այդպես չէ»:

Համաշխարհային բանկը, մինչդեռ, ուսումնասիրելով «Նաիրիտ» գործարանի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության հնարավորությունները, եզրակացրել է, որ խորհրդային շրջանի քիմիական հսկան ենթակա է լուծարման։

Զախարյանը նշեց, որ անցած մեկուկես տարում որևէ ներդրող «Նաիրիտ»-ով չի հետաքրքրվել։ Այդուհանդերձ կառավարությունն ուղիներ է փնտրում՝ շտկելու երբեմնի քիմիական հսկայի շուրջ ստեղծված վիճակը։

Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը ներկաներին փոխանցեց, որ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել «Նաիրիտ»-ի վերաբերյալ իրենց գնահատականները ներկայացնել փակ քննարկման ձևաչափով, առանց լրագրողների։ Այս տարբերակին պատգամավորների մեծ մասը դեմ արտահայտվեց, իսկ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ելույթ չունեցան։

Փոխարենը ելույթ ունեցավ Երվանդ Զախարյանը՝ ընդգծելով, որ որևէ գնահատական չի տա Համաշխարհային բանկի եզրակացություններին, և խոստանալով, որ «Նաիրիտ»-ի հարցով աշնանը կայանալիք խորհրդարանական լսումների ընթացքում կհնչեն շատ հարցերի պատասխանները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, այնուամենայնիվ, վկայակոչելով «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանին, ով մամուլում ասել էր, թե գործարանը թալանվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա ընտանիքի կողմից, Զախարյանին խնդրեց իր կարծիքը հայտնել այդ կապակցությամբ: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, սակայն, խուսափեց պատասխանել։

Քննարկմանը ներկա էր նաև «Նաիրիտ»-ի նախկին տնօրեններից Կարեն Իսրայելյանը: Նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում պնդեց, որ «Նաիրիտ»-ին նման վիճակի հասցնելու մեղավորը հենց «Ռայնովիլ» ընկերությունն է, որը ձևավորվել է նախկին վարչապետի օրոք․ - «Ռայնովիլ փրոփերթի ընկերություն գոյություն չունի: Դա մի ընկերություն է, որը 25 հազար ֆունտ սթերլինգ ընդամենը կանոնադիր կապիտալ է ունեցել, և նպատակային ստեղծվել է «Նաիրիտ»-ը գնելու և այս վիճակին գցելու համար: Կարող եմ մի բան ասել միայն, որ նախկին վարչապետն ասել է, որ իր գործունեության ժամանակ, երբ ինքը եղել է Մեժգոսբանկի խորհրդի դոտացիոն նախագահը, «Նաիրիտ»-ի հետ կապված ոչ մի գործարք չի կնքվել: Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև Տիգրան Սարգսյանի գործունեության ժամանակ է Ռայնովիլ փրոփերթի լիմիտեդը վարկ վերցրել Մեժգոսբանկ-ից և այդ գումարով գնել է «Նաիրիտ» գործարանը»:

Մինչ կառավարությունը փորձում է ելքեր որոնել գործարանին նոր շունչ տալու համար, «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Իսրայելյանը համոզմունք է հայտնում, որ այն կարող է աշխատել՝ թե՛ սարքավորումներ կան, թե՛ արտադրանքի պահանջարկ․ - «60 միլիոն դոլարը բավարար է այն աշխատեցնելու համար: Լավ կլինի, որ կառավարությունը բարի կամք ցուցաբերի»:

Համաձայն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ներկայացրած տվյալների, «Նաիրիտ»-ի պարտքը հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 126 միլիարդ դրամ: Գործարանը պարտք է «Գազպրոմ Արմենիա»-ին, ՀԷՑ-ին, Երևանի ջերմաէլեկտրակայանին: Իսկ աշխատավարձի պարտքը հասնում է մոտավորապես 5.5 միլիարդ դրամի։

Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ մինչև ամսվա վերջը կմարեն աշխատավարձի պարտքը։ Էներգետիկայի նախարարի հայտարարությունը հուսադրել է նաիրիտցիներին։

«Հայտարարությունը ըստ էության հուսադրող է: Եթե մեր իշխանությունները եկել են եզրակացության, որ փակելը շատ ավելի ծախսատար կարող է լինել, քան աշխատեցնելը, ուրեմն միջոցները կգտնեն կամ ներդրողներ կհրավիրեն: Ամեն դեպքում գումարներ կգտնեն «Նաիրիտ»-ը աշխատեցնելու համար», - ասաց նաիրիտցիները ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:

XS
SM
MD
LG