Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի կառավարությանը


Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը

Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի կառավարությանը երրորդ տարին անընդմեջ ԱՄՆ-ի Պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի շրջանակում կատարվող գնահատման տվյալներով առաջին խմբի երկրների շարքում տեղ գրավելու համար:

ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունը իր հաղորդագրությունում ընդգծում է, որ զեկույցում դիտարկված 188 երկրներից միայն 31-ն են տեղ գտել առաջին խմբի երկրների շարքում:

«Հայաստանի կառավարությունն առաջին խմբում տեղ զբաղեցնելու պատվին արժանացել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու շնորհիվ: Օրինակ՝ 2014 թվականին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար», - ասված է հաղորդագրությունում։

ԱՄՆ-ի դեսպանատունը նաև նշում է, որ Հայաստանի իրավապահները բացահայտել են Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի, ուղղորդել նրանց խնամք ապահովող կենտրոններ: Կառավարությունը նաև պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, տեղական լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների և տարածաշրջանային գործընկերների հետ:

«Դեսպանությունը արժևորում է թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի կառավարության հետ իր գործընկերությունը և ձգտում է շարունակել այն, մասնավորապես աշխատելով վկաների և տուժողների պաշտոնական պաշտպանության ու զոհերի նույնացման հարցերի շուրջ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG