Մատչելիության հղումներ

logo-print

ՌՀՄ փոխնախագահ․ Հայաստան և Ղարաբաղ ժամանողները «Գիշերային գայլերը» չեն


«Գիշերային գայլերը» Գերմանիայում, 7-ը մայիսի, 2015թ․

«Գիշերային գայլերը» Գերմանիայում, 7-ը մայիսի, 2015թ․

Լևոն Մուքանյանը, այդուհանդերձ, համոզված է, որ Պուտինի ընկերոջ ղեկավարած ակումբի այցը մեծ իրադարձություն կլիներ:

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահի տեղակալը պարզաբանում է` Հայաստան է ժամանում ոչ թե «Գիշերային գայլեր» մոտոակումբը, այլ ծագումով հայ ռուսաստանաբնակ մոտոցիկլավարներ:

Լևոն Մուքանյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում հայաստանյան մամուլում նախօրեին տարածված լուրը, թե ռուսական «Գիշերային գայլեր» անունը կրող բայքերական խմբավորման ներկայացուցիչները պատրաստվում են Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցելել: «Գիշերային գայլերը» աջակցություն են ցուցաբերելու իրենց հայազգի գործընկերներին՝ որպես եղբայրական աջակցություն, միայն Ռուսաստանի տարածքում, վստահեցրեց նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը վայելող հայտնի մոտոակումբը, հիշեցնենք, արևմտյան մի շարք երկրների՝ այդ թվում Միացյալ Նահանգների, Կանադայի «սև ցուցակներում» են: Քաղաքականացված այս ակումբի անդամները հայտնի են իրենց ազգայնական նկրտումներով. բայքերները հաճախ են հայտարարություններով հանդես գալիս, իրենց անվերապահ աջակցությունը հայտնում Ուկրաինայի արևելքի անջատականներին: Ռուսական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ այս ակումբի որոշ անդամներ մասնակցում են Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմին: Իսկ ակումբի ղեկավարը ռուսական «Անտիմայդան» շարժման հիմնադիրներից մեկն է, ով հայտարարել էր, թե պատրաստ է բռնության դիմել, որպեսզի դադարեցվեն հակակառավարական բողոքի ակցիաները: Հիշեցնենք՝ այդ ակումբի անդամներից է նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը շեշտում է, որ իր գործընկերոջ՝ Սերգեյ Սաժումյանի նախօրեին հայկական մամուլում տեղ գտած հայտարարությունը ճիշտ չեն մեկնաբանել: Մուքանյանը նշում է, որ Հայաստան այցելող մոտոցիկլավարների խումբը ղեկավարելու է Զորիկ Թովմասյանը, մոտոարշավը կրում է «Մենք խաղաղության կողմնակից ենք» կարգախոսը:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ նույն Զորիկ Թովմասյանը իր խմբի մյուս անդամների հետ միասին միևնույն ժամանակ հանդիսանում են «Գիշերային գայլեր» ակումբի անդամներ, Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալը դժվարացավ պատասխանել: Մուքանյանը ասաց, թե չի հասկանում՝ ինչու են բացասական լույսի տակ ներկայացնում «Գիշերային գայլերի» գործունեությունը: Նրա խոսքով՝ շատ էլ մեծ իրադարձություն կլիներ, եթե Պուտինի ընկերոջ ղեկավարած ակումբը պաշտոնապես այցելեր Հայաստան ու Ղարաբաղ:

«Ուզում եմ նշել, որ մեր լրագրող գործընկերներն իզուր են անհանգստանում: Այդ ամենում քաղաքականություն ընդհանրապես չկա: Ընդհակառակը՝ պետք է նրանց հրավիրել, պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ գան, տեսնեն Հայաստանը, Արցախը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Լևոն Մուքանյանը:

XS
SM
MD
LG