Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ը իր վնասների մեկ երրորդի չափով նվիրատվություն է արել ՀՀ նախագահի ստեղծած հիմնադրամին


Ստացվում է, որ եթե ռուսաստանյան ընկերությունը չֆինանսավորեր «Լույս» հիմնադրամի գործունեությունը, ապա նախորդ հինգ տարիներին իր վնասները կկրճատեր մոտ մեկ երրորդով:

Տարիներ շարունակ վնասով աշխատող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) հինգ տարվա ընթացքում գրեթե 5․2 միլիարդ դրամ է նվիրաբերել նախագահ Սերժ Սարգսյանի ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հիմնադրած և այսօր էլ նրանց կողմից կառավարվող «Լույս» հիմնադրամին:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը։ ​

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի տարեկան հաշվետվությունների համաձայն, նույն ժամանակահատվածում՝ 2010-2014 թվականներին, ՀԷՑ-ը, ընդհանուր առմամբ, կրել է 16․1 միլիարդ դրամի վնաս:

Ստացվում է, որ եթե ռուսաստանյան ընկերությունը չֆինանսավորեր «Լույս» հիմնադրամի գործունեությունը, ապա նախորդ հինգ տարիներին իր վնասները կկրճատեր մոտ մեկ երրորդով:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտը ՀԷՑ-ը հիմնավորել է իր կրած կորուստներով:

Հարցին, թե ինչու ՀԷՑ-ը չի կրճատել իր վնասները, ինչու է նման վնասներ կրող ընկերությունը որոշել է շռայլորեն ֆինանսավորել «Լույս» հիմնադրամը, Նատալյա Սարջանյանը արձագանքեց․ - «Ես չեմ կարող սեփականատիրոջ փոխարեն պատասխանել․․․ ՀԷՑ-ի նման խոշոր կազմակերպությունը չի կարող չմասնակցել այն երկրի կյանքին, որտեղ ծավալում է իր գործունեությունը: Բարեգործությունը սակագնի հետ որևէ կապ չունի, սա արվում է սեփականատիրոջ ցանկությամբ»:

Իսկ ինչո՞ւ որոշեցին ֆինանսավորել հենց «Լույս» հիմնադրամը, արդյո՞ք դեր է ունեցել այն փաստը, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում են երկրի նախագահն ու նախկին վարչապետը: Այս հարցին Սարջանյանը պատասխանեց․ - «Ես որևէ կապ չեմ տեսնում, որովհետև․․․ գոյություն ունի սոցիալական կորպորատիվ պատասխանատվության մի ամբողջ համակարգ, որը գործում է նաև ՀԷՑ-ում»:

«Լույս»-ի հաշվետվության համաձայն, օրինակ, 2014-ին ՀԷՑ-ը հանդիսացել է հիմնադրամի խոշորագույն հովանավորը, սակայն հիմնադրամի պաշտոնական կայքէջի այն մասում, ուր նշված են հովանավորները, ընդհանրապես խոսք չկա ՀԷՑ-ի մասին:

Թե ինչու է «Լույս» հիմնադրամը խուսափում կայքէջում հիշատակել իր խոշորագույն հովանավորին, պարզել չհաջողվեց:

Նախորդ օրերին «Ազատությունը» փորձեց ստանալ հիմնադրամի ներկայացուցիչների մեկնաբանությունները, սակայն վերջիններս մեզ փոխանցեցին, թե ավելի ուշ կհայտնեն՝ արդյո՞ք հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարկոսյանը պատրաստ է պատասխանել մեր հարցերին: Հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը պատրաստակամություն հայտնեց խոսել միայն ուղիղ եթերի պարագայում:

Ի դեպ, վերոհիշյալ և այլ հարցերի պատասխանը փորձել է ստանալ նաև «Հետք» պարբերականը, որն առաջինն է անդրադաձել «Լույս»-ին ՀԷՑ-ի նվիրատվություններին, սակայն՝ դարձյալ ապարդյուն:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ առնվազն տարօրինակ է, որ նման վնասներ կրող կազմակերպությունը այդպիսի շռայլ նվերներ է անում, իսկ այն հանգամանքը, որ այդ պայմաններում նվիրատվություն ստացող կառույցը ղեկավարվում է հանրապետության նախագահի ու նախկին վարչապետի կողմից, փորձագետի խոսքով, կոռուպցիոն ռիսկ է պարունակում:

«Տարօրինակ է, որ իր կատարած բարեգործության չափով ՀԷՑ-ը պետության կողմից արտոնություն չի ստացել շահութահարկի գծով, ինչը առկա է այլ կազմակերպությունների կատարած բարեգործությունների ժամանակ, և դա էլ խթան է, որ այդ կազմակերպությունները բարեգործություն անեն»,- ընդգծեց Մանուկյանը՝ շարունակելով․ - «Սովորաբար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, ըստ մի շարք տեսությունների, նպաստում է նաև ֆինանսական ցուցանիշների բարելավմանը: Հատկապես Հայաստանում այդ բարեգործությունը որոշակիորեն շահութահարկի հարկման բազայից դու նվազեցում ես կատարում, ինչը ՀԷՑ-ի դեպքում, ըստ էության, չի գործի»:

XS
SM
MD
LG