Մատչելիության հղումներ

Հայաստանի և Վրաստանի վարչապետներն այցելել են վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետ


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի հետ այսօր այցելել է վրաց - ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները տեղում ծանոթացել են սահմանային անցակետի աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ:

Շրջայցից հետո վարչապետներն ամփոփել են այցի արդյունքները:

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վրաց - ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը կերկարացվի ևս 3.5 ժամով, այսինքն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում 6.5 ժամով, և նոր պայմանավորվածության համաձայն կգործի 05.30-24.00-ն», - ասված է հաղորդագրությունում։

Կառավարությունը հիշեցնում է, որ մոտ մեկ ամիս առաջ ևս, երկու վարչապետների քննարկման արդյունքում աշխատանքային գրաֆիկը երեք ժամով ավելացել էր՝ 06.00-18.00-ի փոխարեն սահմանվել էր 06.00-21.00:

Կողմերը նաև քննարկել են վրացական անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաև՝ Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվող արտահանումների գործընթացը դյուրացնելու հետ կապված մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև հայ - վրացական սահմանին կառուցվելիք «Բարեկամության» կամուրջի շինարարության հարցին: Կողմերը պայմանավորվել են արագ ժամկետներում սկսել կառուցման գործընթացը:

Երկու երկրների վարչապետների քննարկման օրակարգում էր նաև Վրաստանը Ռուսաստանին կապող մայրուղու այն հատվածների հարցը, որտեղ մշտապես սողանքների, քարաթափման վտանգ կա:

Վրացական կողմը տեղեկացրել է, որ նախատեսում է քայլեր ձեռնարկել ճանապարհահատվածն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ճանապարհի լայնացման, ինչպես նաև լուսավորման հետ կապված աշխատանքներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG