Մատչելիության հղումներ

Էջմիածնում օրհնվել է Համահայկական 6-րդ խաղերի ջահը


Լուսանկարը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի
Լուսանկարը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղ է ունեցել Համահայկական 6-րդ խաղերի ջահի օրհնության արարողությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը իր ելույթում նշել է, որ «օրը խորհրդանշական է, քանի որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարում Սփյուռքից, Արցախից և Արևմտյան Հայաստանից Համահայկական 6-րդ խաղերի ջահերն ուխտագնացությամբ բերվել են` իմաստավորվելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վառվող ջահի միջոցով»: Սրբազանը նաև հավելել է, որ Նորին Սրբության կողմից օրհնվելիք ջահերը միության և հաղթանակի խորհրդանիշեր են:

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցիներից բերված ջահերը միացվել են իրար, որն էլ վառել է 1988 թվականի Սեուլի 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանը։

Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ՝ միասնական Տերունական աղոթքով սկսվել է համահայկական ջահի օրհնության կարգը:

«Սրտի գոհունակությամբ ենք նկատում, որ արդեն ավանդական դարձած Համահայկական խաղերը տարեցտարի ընդլայնում են իրենց սահմաններն ու մասնակիցների թիվը: Մեզ բոլորիս համար մեծ խորհուրդ ունի, որ այսօր Անթիլիասից, Շուշիից և Աղթամարից բերված ջահերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միավորվում և բոցավառվում են մեկ ջահի մեջ: Ամեն հայ, որտեղ էլ ապրի, մկրտության դրոշմի հետ հոգում կրում է Սուրբ Էջմիածնի և Արարատի պատկերը` որպես իր հայ ինքնության անբաժանելի մաս և խորհրդանիշ մեր ժողովրդի միության ու միասնականության», - իր ծավալուն ելույթում մասնավորապես ասել է Գարեգին երկրորդ Վեհափառ Հայրապետը։

«Տարակույս չունենք, որ Համահայկական խաղերը շարունակելու են ամրապնդել մեր ժողովրդի զավակների միասնականությունը` զորավոր այն ուժը, որի միջոցով պիտի կարողանանք հաղթահարել ազգային և հայրենական մեր կյանքում առկա խնդիրներն ու մարտահրավերները», - հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG