Մատչելիության հղումներ

Աշխատանքային պայմաններից դժգոհ տրոլեյբուսի վարորդները ազատման դիմումներ են ներկայացրել


Մայրաքաղաքի թիվ 9 երթուղու տրոլեյբուսի վարորդներն այսօր եկել էին «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերություն և տնօրենին պարտադրում էին մակագրել աշխատանքից ազատման մասին իրենց դիմումները:

Նախորդ շաբաթ այս երթուղու վարորդները քառօրյա գործադուլ էին հայտարարել: Ցածր աշխատավարձից և 12-ժամյա աշխատանքային գրաֆիկից դժգոհող 8 վարորդներից 4-ը իրենց դիմումի համաձայն արդեն իսկ ազատվել են աշխատանքից: Եվս երեքի դիմումները տնօրենը դեռ չի մակագրել:

«Ի վիճակի չենք կատարել ղեկավարության պարտադրած 5-րդ շրջապտույտը», - «Ազատության» հետ զրույցում ասաց սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված վարորդներից մեկը․ - «Հինգ պտույտ են ուզում: Մենք չենք հասցնում․ մեր 12 ժամի մեջ տեղավորում ենք չորրորդը»:

Տրոլեյբուսի վարորդները դժգոհում են, թե իրենք մի կերպ են օրվա գումար վաստակում՝ հիմնականում սոցիալապես անապահով խավին են սպասարկում, շատ են նաև գումար չունեցողները, բայց պարտադրված են «օրվա պլան» մուծել․ - «13 հազար օրական»:

Վարորդների բողոքն այս օրերին լսել է նաև քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ ասելով, թե այլընտրանք չկա՝ ուղևորները կանգառներում են մնում:

Իսկ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության տնօրեն Հարություն Երեմյանն ասում է, թե վարորդները «գլուխ են պահում», գերադասում են 500 դրամ ներքին տուգանք մուծել ընկերությանը, միայն թե 5-րդ շրջապտույտը չկատարեն․ - «Իրենք ուզում ենք աշխատել այն ժամերին, երբ ուղևորները շատ են, որ կարողանան շատ գումար հավաքեն: 8-ի և 12-ի տարբերությունը մենք որպես արտաժամյա վճարում ենք բոլորին: Այստեղ խնդիրը նրանում է, որ այդ մի քանի վարորդները ուշ էին գալիս աշխատանքի, չէին աշխատում իրենց համապատասխան ծառայություններով: Նաև շուտ ավարտում էին աշխատանքը և տուն էին գնում»:

Վարորդներ Մարատ Հակոբյանն ու Արսեն Դավթյանը հակադարձում են՝ կանգառում մնացող ուղևորներին ընկերությունն էր հորինել, իսկ հավելավճար իրենք չեն տեսել․ - «Հավելավճար կոնկրետ ես չեմ ստացել․ իմ մուծած պլանի տոկոսներն եմ ստացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG