Մատչելիության հղումներ

logo-print

Յոզվիակ․ Թուսկի այցով տրվեց Երևանի և Բրյուսելի միջև բարդ հարաբերությունների նոր փուլի մեկնարկը


Ռիկարդ Յոզվիակը «Ազատության» եթերում, 26-ը հուլիսի, 2015թ.

Ռիկարդ Յոզվիակը «Ազատության» եթերում, 26-ը հուլիսի, 2015թ.

«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակը մեկնաբանում է վերջին զարգացումները Հայաստան - Եվրամիություն հարաբերություններում:

«Ազատություն»․ - Թուսկն ասել է, որ Բրյուսելն ու Երևանը շուտով բանակցություններ են սկսելու համաձայնագրի ավելի սահմանափակ տարբերակի շուրջ, որը չի հակասի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Կարո՞ղ եք մանրամասնել, ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար: Մենք գիտենք, որ սա շարունակական գործընթաց է, արդեն տևական ժամանակ նրանք խոսում են բանակցությունները սկսելու մասին, սակայն ինչ-որ պատճառով տեղաշարժ չկար: Այժմ, սակայն, տպավորություն կա, որ դա վերջապես տեղի է ունենում:

Յոզվիակ․ - Թուսկի երևանյան այցով ասես տրվեց Երևանի և Բրյուսելի միջև բարդ հարաբերությունների նոր փուլի մեկնարկը, և այժմ ԵՄ-ն փաստորեն ասում է՝ շատ լավ, եկեք նոր էջ բացենք և փորձենք աշխատել միասին: Եվ բանակցությունները այս նոր համաձայնագրի շուրջ, որոնք չեն կոչվելու Ասոցիացման համաձայնագիր՝ դեռ հայտնի չէ, թե այն ինչ անվանում կունենա, հավանաբար սկսվելու են սեպտեմբերին: Շատ բաներ արդեն համաձայնեցված են, որովհետև, ինչպես հիշում եք, դուք արդեն Ասոցիացման համաձայնագիր ունեիք, որը դրված էր բանակցությունների սեղանին, բայց հետո դրանից հրաժարվեցին: Այնպես որ, հնարավոր է, որ այս բանակցությունները արդեն հաջորդ տարի` 2016-ին, ավարտված կլինեն: Իհարկե, դրանից շատ գլուխներ կհանվեն, լսել եմ, որ 3­-4 գլուխ գրեթե ամբողջությամբ հանվելու են այն 15 գլուխներից, որոնք այնտեղ կան: Արդյունքում ստացվելու է քաղաքական համաձայնագիր, որը չի հակասելու Մոսկվայի հետ Հայաստանի ունեցած պայմանավորվածություններին:

«Ազատություն». - Բայց դա բանակցությունների թեմա է, այնպես չէ՞: Անգամ հակասել բառի ձևակերպումը միանշանակ չէ:

Յոզվիակ. - Հայաստանի համար այստեղ ամենամեծ կորուստը ազատ առևտրի համաձայնագրից զրկվելն է: Իրականում Ասոցիացման համաձայնագրի ամենամեծ արժեքը դրանում էր կայանում: Դուք դրանից կզրկվեք, իսկ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան` ոչ:

«Ազատություն». - Բայց մյուս կողմից, ես զրուցել եմ Հայաստանում ԵՄ դեսպանի հետ, և նա ասաց, որ որոշ հայկական ապրանքներ այս պահին էլ արտահանվում են Եվրամիության երկրներ հարկային արտոնություններով, և նույնիսկ առանց Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիր ստորագրելու Հայաստանն արդեն իսկ արտոնություններից է օգտվում իր արտադրանքը Եվրամիություն արտահանելիս: Խոսքը վերաբերում է Հայաստանից արտահանվող ապրանքատեսակների շուրջ 60 տոկոսին: Եվ ինձ նույնիսկ ասացին, որ այդ համաձայնագիրը ստորագրող երկրները օգտվում են նույն այդ արտոնություններից, որոնք այժմ տրված են Հայաստանին:

Յոզվիակ. - Հիմնական տարբերությունն այն է, որ շուկան ամբողջությամբ բաց չի լինելու: Բացի այդ, այստեղ կարևոր քաղաքական նրբություն կա: Այն երկրները, որոնք ստորագրում են թե’ Ասոցիացման համաձայնագիրը, թե’ Խորը և համապարփակ աձևտրի համաձայնագիրը, ինչ-որ առումով ասես խարիսխ են ձգում Եվրամիությունում, այլ ոչ թե մնում են Ռուսաստանի ազդեցության տարածքում: Դա է, իրականում, հիմնական տարբերությունը: Եվ այս առումով Հայաստանի խնդիրն այն է, որ ձեր երկիրը մնում է մյուս ճամբարում: Այո, շատ հայաստանցիներ կցանկանային, որ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, բայց սա այն առավելագույնն է, որ Եվրամիությունը կարող է առաջարկել ձեզ: Թերևս մխիթարական է այն, որ ձեզ չեն մոռացել, դուք կշարունակեք ֆինանսավորում ստանալ Եվրամիությունից, դա կշարունակվի:

«Ազատություն». - Եվ խոսքը գնում է բավական մեծ ֆինանսավորման մասին: Ինձ նույնիսկ ասացին, որ մեկ շնչին բաժին ընկնող աջակցության չափով Հայաստանը առաջատարն է, մեզ նույնիսկ Մոլդովայից և Վրաստանից շատ աջակցություն է տրամադրվում Եվրամիությունից:

Յոզվիակ. - Այո, դա այդպես է, և այդ աջակցությունը կարող է նույնիսկ ավելի մեծանալ, եթե դուք շարունակեք բարեփոխումները: Բայց այդ աջակցությունը որոշակի սահմանների հասնելով` կանգ կառնի: Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը կարող են մի գեղեցիկ օր Եվրամիության անդամակցության հավակնել, մինչդեռ Հայաստանը մնում է մյուս գնացքում: Սա է հիմնական խնդիրը:

«Ազատություն». - Այս շաբաթ մենք մի շատ վատ լուր լսեցինք` ֆրանսիական «Օրանժ» ընկերությունը, որը հեռահաղորդակցության ոլորտի հսկա է, վաճառում է հայաստանյան իր ստորաբաժանումը, որը շատ վատ է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի, ինտերնետի համար, որովհետև ինչպես գիտենք, դիվերսիֆիկացիան մեծ դեր է խաղում սակագների անկման հարցում, իսկ սա էլ իր հերթին կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր տնտեսության խոշորագույն ճյուղերից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է: Հայաստանում «Օրանժի» ներկայացուցիչը խոսում էր Մոլդովայի մասին: Ի՞նչ եք կարծում, սա որևէ կապ ունի՞ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու` Հայաստանի որոշման հետ: Նկատի ունեմ այն, որ «Օրանժը» եվրոպական ընկերություն է և գուցե կարող է վտանգներ տեսած լինել Ռուսաստանի հետ այս համաձայնագրում: Նշեմ, որ Հայաստանում` հեռահաղորդակցության ոլորտում, այս պահին գործում են նաև երկու խոշոր ռուսաստանյան ընկերություններ:

Յոզվիակ. - Իհարկե, դժվար է դատողություններ անել կոնկրետ այս դեպքում, բայց կարող եմ ասել, որ եթե դուք ստորագրեիք Առևտրի համաձայնագիրը Եվրամիության հետ և եվրոպական շուկայի մաս կազմեիք, «Օրանժի» նման ընկերության համար ավելի հեշտ կլիներ ներդրումներ կատարել ձեր շուկայում:

«Ազատություն». - Ես կարծում եմ, որ եթե Հայաստանը ստորագրեր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, «Օրանժը» չէր հեռանա:

Յոզվիակ. - Հնարավոր է:

«Ազատություն». - Մեկ այլ հարց, որ ես բավական ժամանակ է` փորձում է պարզել: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ «ոլորտների ճշգրտման վարժությունը», որի մասին պարբերաբար խոսում են Եվրամիության պաշտոնյաները:

Յոզվիակ. - Այս պահին այդ նույն վարժությունն անցկացվում է Ադրբեջանի հետ: Դա մի վարժություն է, որը արվում է պարզելու համար, թե տվյալ երկրի հետ Եվրամիությունը որ ոլորտներում կարող է համագործակցել, այստեղից էլ` ոլորտներ բառի օգտագործումը: Սա նշանակում է, որ կողմերը համեմատում են տարբեր փաստաթղթեր, քննարկում են կողմերի ունեցած պարտավորությունները, իրավական ձևակերպումները և փորձում հասկանալ, թե իրենք միասին դեպի ուր կարող են շարժվել: Վարժությունն անցկացվում է այն երկրների հետ, որոնց հետ Եվրամիությունը պատրաստվում է որևէ տեսակի համաձայնագիր կնքել, և այն կարող է տևել կես տարի կամ նույնիսկ ավելի երկար: Հայաստանի հետ «ոլորտների ճշգրտման վարժությունն» արդեն հիմնականում ավարտված է, և հիմա արդեն կոնկրետ համաձայնագրի պայմաններն են քննարկվում, բայց քանի որ դուք արդեն իսկ Ասոցիացման համաձայնագիր ունեիք մշակված, գործընթացը պետք է որ շատ արագ ավարտվի: Հայաստանի հետ կնքվելիք նոր համաձայնագրի դեպքում հատուկ ուշադրության առարկա է լինելու փաստաթղթի առաջաբանը: Ես Եվրամիության մի պաշտոնյայից լսել եմ, որ Հայաստանը ցանկացել է առաջաբանում այսպիսի ձևակերպում մտցնել` Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի ունեցած պարտավորությունները գերակա են Ասոցիացման համաձայնագրի նկատմամբ, բայց Եվրամիության ներկայացուցիչները կտրականապես հրաժարվել են, ասել են` Եվրամիության հետ համաձայնությունը չի կարող ստորադասվել այլ գործընկերների հետ Հայաստանի ունեցան պարտավորություններին: Այնպես որ առջևում դեռ բարդ բանակցություններ կան, բայց առևտրին վերաբերող խնդիրներում շատ բան չի լինելու, որովհետև Հայաստանը պետք է հարգի Եվրասիական տնտեսական միության հետ իր ունեցած պարտավորությունները:

«Ազատություն». - Նախկինում, մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, մենք հույս ունեինք, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը ներազդման հզոր լծակ կդառնա Հայաստանում բարեփոխումները առաջ մղելու համար, սակայն այժմ, այս նոր` փոքրացված համաձայնագրով Եվրամիությունը ի՞նչ լծակներ է ունենալու:

Յոզվիակ. - Դա ավելի բարդ է լինելու: Այն նոր համաձայնագրում կան դրույթներ նաև մարդու իրավունքների մասին: Բայց Եվրամիությունը միշտ աշխատել է մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականությամբ: ԵՄ ազդեցությունը առավել մեծ է այն երկրներում, որոնք ցանկանում են մտնել Եվրամիություն: Այդպիսի օրինակ են բալկանյան երկրները: Եվրամիությունը նրանց ասում է, եթե անեք այս և այս քայլերը, ավելի կմոտենաք ձեր անդամակցությանը: Երբ դուք արդեն Եվրամիության անդամ եք դառնում, այդ լծակները նվազում են, որովհետև նման պայմանականությունները արդեն չեն գործում: Նույն կերպ` Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ավելի շահագրգիռ են Եվրամիության առաջ քաշած պայմանները իրագործելու հարցում, որովհետև ապագայում դա նրանց կարող է օգնել ԵՄ-ին անդամագրվելու հարցում: Մինչդեռ Հայաստանի պարագայում այս քաղցրաբլիթը այլևս գոյություն չունի: Իհարկե, Եվրամիությունը կարող ասել, որ` մենք կկրճատենք այս կամ այն ծրագրի ֆինանսավորումը, կամ, ասենք, դանդաղեցնել առանց վիզային ռեժիմի հաստատումը, սակայն լծակները փոքրանում են, բարեփոխումների գործընթացը` դանդաղում:

«Ազատություն». - Բայց մեկ քաղցրաբլիթ, այնուամենայնիվ կա. եթե Հայաստանը և Եվրամիությունը համաձայնագիր են կնքում, դա կարող է արտաքին ներդրողների համար ազդակ հանդիսանալ, որ արժե այստեղ ներդրումներ կատարել:

Յոզվիակ. - Այո, դա այդպես է, սակայն արտաքին ներդրողները նաև գիտեն, որ Հայաստանը ավելի մոտ է կանգնած Մոսկվային, քան Բրյուսելին: Եվ նկատի ունենալով միջազգային ասպարեզում Մոսկվայի առաջ հառնած խնդիրները, սա կարող է հետ վանել ներդրողներին: Սրանք բոլորը ընդամենը ենթադրություններ են, սակայն հստակ է, որ Հայաստանը և Եվրամիությունը բավական փոխկապակցված չեն, Հայաստանը այնքան մոտ չէ Եվրամիությունը, ինչքան կցանկանար և հաստատ ավելի հեռու է, քան Վրաստանը:

«Ազատություն». - Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի և Ադրբեջանի մասին: Հայաստանյան քաղաքական գործիչները քննադատում են Եվրամիությանը` Ադրբեջանին սիրաշահելու համար, հատկապես ղարաբաղյան հակամարտության հարցում: Ի՞նչ եք կարծում, Եվրամիությունն ի՞նչ մոտեցումներ ունի այս հարցում: Եղել են դեպքեր, երբ Եվրամիության մեծ պատվիրակություններ են այցելել Ադրբեջան, հանգրվանել հինգաստղանի հյուրանոցներում, նվերներ ստացել: Նման փաստերը հայաստանցիների վրդովմունքն են հարուցում: Նրանք ասում են` արդյո՞ք սա է այն Եվրոպան, որին մենք ուզում ենք անդամակցել:

Յոզվիակ. - Թերևս արժե, որ հայաստանցիները մեկ բան իմանան` արտաքին քաղաքականության հարցերում Եվրոպական խորհրդարանի դերը շատ փոքր է: Իրականում արտաքին քաղաքականություն ձևավորողը ԵՄ անդամ երկրներն են և Եվրահանձնաժողովը: Այնպես որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների այցը Ադրբեջան չպետք է մտահոգի հայաստանցիներին, այդ մարդիկ առանձնապես մեծ ազդեցություն չունեն: Նրանք կարող են վայելել խավիարը, գումարները և այն ամենը, ինչ իրենց տրվում է, սակայն դրանից ոչինչ չի փոխվում: Չեմ կարծում, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել դրան: Ավելին ասեմ` Եվրամիությունը առհասարակ մեծ դերակատարություն չունի Լեռնային Ղարաբաղի հարցում, ԵՄ-ն նույնիսկ միջնորդական առաքելություն չի իրականացնում: Դա նույնիսկ կարելի է խնդրահարույց համարել, քանի որ Եվրամիությունն ասես առհասարակ հետաքրքրված չլինի այս հակամարտությամբ:

«Ազատություն». - Այո, բայց խոսակցություններ են ընթանում Ֆրանսիայի փոխարեն բանակցային գործընթացում Եվրամիությանը ընդգրկելու մասին: Ադրբեջանը անընդհատ պահանջում է, Ֆրանսիայի փոխարեն Եվրամիությունը համանախագահություն ստանձնի Մինսկի խմբում:

Յոզվիակ. - Բայց դա տեղի չի ունենա, որովհետև Ֆրանսիան միջազգային դիվանագիտության մեջ ծանրակշիռ դերակատար է և ոչ մի դեպքում չի համաձայնի իր տեղը զիջել Եվրամիությանը: Եվ հայերը, ունենալով Ֆրանսիայի նման դաշնակից, չպետք է մտահոգվեն, որովհետև այս բանակցային ֆորմատում Եվրամիությունը ներգրավված չէ և դա չի փոխվելու:

«Ազատություն». - Վերջին շրջանում Բրյուսելում ակտիվացել են թե’ ադրբեջանական, թե’ հայկական լոբբիստական ջանքերը: Ի՞նչ կարծիքի եք դրանց մասին:

Յոզվիակ. - Իրականում ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչո՞ւ են օտար պետությունները ժամանակ վատնում Եվրոպական խորհրդարանում լոբբիստական ջանքերի վրա: Դա անիմաստ է, այդ կառույցը արտաքին քաղաքական հարցերում առանձնապես դեր չի խաղում:

«Ազատություն». - Բայց, օրինակ, հայկական լոբբիի պարագայում, այդ լոբբիստները անգամ Հայաստանի իշխանություններին չեն ներկայացնում, երբեմն նրանց նախաձեռնությունները նույնիսկ հակասում են Հայաստանի դիրքորոշմանը:

Յոզվիակ. - Շատ հնարավոր է: Սակայն նույնիսկ դա չէ խնդիրը` ջանքերը պետք է ծախսել Եվրոպական խորհրդում կամ Եվրահանձնաժողովում, ոչ թե խորհրդարանում: Այդ կառույցներում է որոշվում ԵՄ քաղաքականությունը Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ: Այնպես որ Ադրբեջանի վատնած գումարները Եվրոպական խորհդարանի պատգամավորներին խավիար և գինի նվիրելու համար, համարժեք է այդ գումարները ծովը լցնելուն: Դա անիմաստ է: Եվրոպական խորհրդարանը մեծ ազդեցություն ունի Եվրամիության ներքին հարցերում, ներքին շուկայական հարցերում:

«Ազատություն». - Այսինքն, տնտեսական շահեր առաջ մղել, այնուամենայնիվ, հնարավո՞ր է:

Յոզվիակ. - Դե` կոնկրետ որևէ ընկերություն կարող է դա անել, բայց Ադրբեջանը, որպես պետություն, ինչ-որ արտոնություն, առավելություն ստանալ չի կարող, Եվրոպական խորհրդարանը այդ հարցում վճռորոշ դերակատարություն չունի:

«Ազատություն». - Ինչպես նկատեցիք` դա գումարները ծովը լցնելու պես մի բան է...

Յոզվիակ. - Այո, բայց նրանք կարծես թե շատ փող ունեն: Այնպես որ, կարող են իրենց թույլ տալ նույնիսկ ծովափը փողով ծածկել:

«Ազատություն». - Վերջին հարցը` մենք ի՞նչ ճանապարհ կարող ենք անցնել Եվրամիության հետ, ի՞նչ հեռանկարներ կան ըստ Ձեզ: Դուք երկար ժամանակ եք լուսաբանում Հայաստան – Եվրամիություն հարաբերոթյունները, Ձեր կարծիքով, Եվրամիությունը հետաքրքրվա՞ծ է Հայաստանով, նրանք իսկապե՞ս ուզում են Հայաստանի հետ համաձայնագիր կնքել կամ խորացնել հարաբերությունները:

Յոզվիակ. - Կարծում եմ, որ այս պահին հեռանկարները բավական աղոտ են: Եվրամիությունը բազմաթիվ, առավել կարևոր խնդիրներ ունի` հունական ճգնաժամ, Մեծ Բրիտանիայի հանրաքվեն` Եվրամիության կազմից դուրս գալու շուրջ և այլն, կամ Ուկրաինայի ճգնաժամը, որը խարխլել է Եվրամիության հարաբերությունները Ռուսաստանի հետ, կամ միջերկրական ծովից ներգաղթողների շարունակական հոսքը: Այնպես որ, այս բոլոր խնդիրների համեմատ, որոնք շարունակում են մնալ Եվրամիության սեղանին, Հայաստանը ասես սեղանի տակ մնացած խնդիրներից է: Եվրամիության ներսում Հայաստանով հետաքրքրվում է մարդկանց բավական նեղ շրջանակ: Ինչ-որ պահի Հայաստանի հետ ինչ-որ համաձայնագիր կկնքվի, բայց դա առավելագույնն է, ինչ կարելի է ակնկալել այս պահին:

«Ազատություն». - Իսկ մեր տարածաշրջանը ընդհանուր վերցված հետաքրքրո՞ւմ է Եվրամիությանը:

Յոզվիակ. - Իհարկե, այո: Այստեղ, իհարկե, անվտանգության խնդիրներ էլ կան, սակայն ընդհանուր առմամբ, Եվրամիությունը արտաքին քաղաքականության հարցերում թույլ խաղացող է:

«Ազատություն». - Եվ նրանք նաև չեն ցանկանում անհանգստացնել Ռուսաստանի՞ն:

Յոզվիակ. - Խնդիրն այն է, որ թեև Եվրամիությունը չի ուզում դա խոստովանել, Բրյուսելի և Մոսկվայի միջև Սառը պատերազմ է ընթանում: Միևնույն ժամանակ, նրանք չեն ուզում էլ ավելի բարդացնել իրավիճակը, որովհետև հասկանում են, որ ի վերջո նույն այդ պատժամիջոցները հանվելու են և հարաբերությունները պետք է կարգավորել: Նրանք տեսնում են, որ ինչ-որ հարցերում, օրինակ` Իրանի համաձայնության հարցում, Ռուսաստանը կարող է կառուցողական դեր խաղալ: Ես չեմ կարծում, որ նրանք ցանկանում են նորից անհանգստացնել «ռուսական արջին»: Նրանք արդեն իսկ չափազանց շատ խնդիրներ ունեն` գազի հարցում, Գազպրոմի դեմ հակամենաշնորհային գործում, որոնք նույնպես վատթարացնում են հարաբերությունները և Եվրամիությունը չի ցանկանում Հարավային Կովկասում իր կատարած քայլերով էլ ավելի սրել իրավիճակը:

«Ազատություն». - Շնորհակալություն այս հետաքրքիր վերլուծության համար:

XS
SM
MD
LG