Մատչելիության հղումներ

«Նահատակ գրողներ. 1915-1922 թվականներ» գիրքը ներկայացվեց նաև Հայաստանում


Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ գիրքն անգլերեն լեզվով հրատարակվել ու արդեն ներկայացվել էր Նյու Յորքում։

100 տարի առաջ երիտթուրքերի պետականորեն ծրագրած և իրականացրած Հայոց ցեղասպանության առաջին զոհերը արևմտահայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներն էին, որոնց հենց առաջինը մեկ գիշերվա ընթացքում կալանավորեցին, ապա քշեցին աքսորավայրեր, որտեղ էլ նրանցից շատերը իրենց եղերագույն վախճանը գտան։

Ամերիկահայ անվանի մտավորականներից Հրանտ Մարգարյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անգլերեն թարգմանել և այս տարի Նյու Յորքում առանձին գրքով հրատարակել է հայ եղեռնազոհ բանաստեղծների՝ Ռուբեն Սևակի, Սիամանթոյի, Վարուժանի և այլոց ստեղծագործությունների 250-էջանոց անթոլոգիան՝ «Նահատակ գրողներ. 1915-1922 թվականներ» խորագրի ներքո։

Այս գիրքն արդեն իսկ ներկայացվել է Նյու Յորքում, իսկ անցած շաբաթավերջին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ անթոլոգիայի հայաստանյան շնորհանդեսը։

«Ազատության» հետ զրույցում սփյուռքահայ անվանի թատերագիր, հասարակական գործիչ, Համազգայինի թատերախմբի ղեկավար, բազմաթիվ գրքերի հեղինակ Հրանտ Մարգարյանը ասաց, որ անպայմանորեն հենց այս տարի ամերիկացի ընթերցողին անգլերեն հարկ կար ներկայացնելու 20-րդ դարասկզբի մեր գրական լավագույն դեմքերին՝ ոչ միայն իրենց ստեղծագործություններով, այլ նաև համառոտ կենսագրականներով՝ մինչև 1915 թվականի ողբերգական վախճանը։

«Այս գիրքը նվիրված է նահատակ 13 գրողներին, որոնք գեղարվեստական բարձր մակարդակի հասցրին հայ գրականությունը։ Այնտեղ կա նրանց կենսագրությունը, նրանց գործերի մասին և թարգմանություններ։ Բանաստեղծներից՝ Սիամանթոն, Վարուժան, Ռուբեն Սևակ, արձակագիրներից՝ Մելքոն Գյուրջյան, Թլկատինցին, Երուխան, Ինտրա՝ Տիրան Չրակյան։ Մեծերը՝ 13 մեծերը, որոնք զոհ գնացին 1915-ին։ Նրանցից մեկը միայն մահացավ 1922-ին, բայց մենք դա էլ ներառեցինք մեր գործի մեջ։ Առաջին հրատարակություն է իր տեսակ հավաքական ամբողջության մեջ», - ասաց Մարգարյանը։

Մինչ այս գրքի հրատարակությունը, տարիներ առաջ Հրանտ Մարգարյանը առանձին պիես էր գրել՝ նվիրված Ռուբեն Սևակի կենսագրությանը։

XS
SM
MD
LG