Մատչելիության հղումներ

logo-print

Հարակից շինարարության պատճառով Դեղատան 4-ի բնակիչները ամեն օր կյանքը վտանգելով են տուն մտնում


Ժամանակավոր հենասյուները մի կերպ են պահում բակ տանող կամարը։

Երևանի սրտում՝ Շահումյանի հրապարակի վրա գտնվող Գյուղբանկի շենքի տեղում կառուցվող բիզնես կենտրոնի շինհրապարակի կողքին ծվարած եռահարկ շենքի բնակիչներն ահ ու սարսափով են սեփական բակ մտնում. ժամանակավոր հենասյուները մի կերպ են պահում մուտքի կամարը։

«Այս վիճակին կարելի՞ է հասցնել։ Մեր բնակարանը ամբողջովին ճաքճքվել է։ Այն օրը քարը ընկել է երեխայիս գլխին», - ասում է շենքի բնակիչ Էլմիրա Խաչատրյանը, ով միայն մեծերի ուղեկցությամբ է թույլ տալիս իր երեխաներին անցնել դալանով։

Դեղատան 4 հասցեում գտնվող շենքի վրա հսկայական ճեղքեր կան, բնակիչներն ասում են՝ մեղավորը հարևանությամբ արդեն երեք տարի ընթացող շինարարությունն է, շենքի հիմքը թուլացել է, երկու բնակարանում վթարային իրավիճակ է ստեղծվել։ Կառուցապատող «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ընկերությունը տարհանել է փլուզման եզրին հայտնված այդ երկու բնակարանների տերերին, խոստացել է վերանորոգել տները։

«Ճաքերը առաջացել է երկու ամիս առաջ։ Մեզ ուղարկել են վարձով», - պատմում է Կարինե Խանաղյանը։

Բնակարանի վարձը վճարում է շինարարական կազմակերպությունը, բայց վթարային դարձած տան տիրուհին մտավախություն ունի, որ խոստացված ժամկետում իր բնակարանը չեն հասցնի վերանորոգել։

«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնիի» տնօրեն Արտաշես Կազախեցյանը, մինչդեռ, պնդում է՝ շինարարությունը չի սասանել 88 տարվա պատմություն ունեցող շենքի հիմքերը և բնակիչներին խորհուրդ է տալիս եղած ճաքերը չբարդել իրենց վրա։

«Իրենց շենքը 1927 թվականի շենք է, երբեք կապիտալ վերանորոգում չի անցել։ Երկու ճաքի պատճառով շենքը վթարային չի դառնում», - ասում է նա։ - «Բավականին երկար փորձեցինք իրենց հետ բանակցել, մարդիկ կային, որոնք ասացին՝ բացառվում է, մենք երբեք չենք վաճառելու սա», - հավելում է Կազախեցյանը։

Բնակիչներից Սիմոն Սարգսյանը հակադարձում է՝ «շատ քիչ ընտանիք է այստեղ ապրում՝ 9-10 ընտանիք, բոլորս էլ ջերմ հարաբերությունների մեջ ենք ու բոլորն էլ ասում են, որ այդպիսի գնային խոսակցություն չի եղել»։

Սարգսյանը այժմ էլ պատրաստ է վաճառել իր տունը, եթե կառուցապատողը շուկայականից ցածր չգնահատի այն. - «Իրենք [կառուցապատողը] իրենցից հորինեցին, ասացին՝ բնակիչները թանկ գներ են ասում, դրա պատճառով չենք ուզում առնենք»։

Բնակիչներից Կարինե Նազարյանն էլ նեղսրտում է. - «Ամեն օր մեր կյանքը վտանգելով ենք տուն մտնում։ Բակից բակ չմնաց՝ վեր խոյացող բարձրահարկն էլ արևի լույսն է խլելու»։

XS
SM
MD
LG