Մատչելիության հղումներ

Սահակյան. «Ընդդիմադիր ուժը սկսել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը»


Հանրապետական պատգամավորը հակադարձում է Սահմանադրության նախագծի հրապարակված դրույթների վերաբերյալ ՀԱԿ-ի վերլուծությանն ու քննադատություններին։

Նոր Սահմանադրության նախագծի հրապարակված դրույթների վերաբերյալ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի վերլուծությանն ու քննադատություններին իշխող Հանրապետական կուսակցությունում հակադարձում են՝ «ընդդիմադիր ուժը սկսել է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը»։

«Անկախ նրանից, թե ձեռքի տակ ինչ փաստաթուղթ է՝ լավ է, թե վատ է, սկսում են ընդդիմադիր կեցվածքի քարոզարշավը։ Օրինակ՝ «այս բարեփոխումները իշխանության վերարտադրության համար են», «մենք պետք է ժողովրդին կոչ անենք՝ փողոց դուրս գան, առճակատում լինի, նոր իշխանափոխություն լինի»։ Փորձում են ընդդիմադիր դաշտում այդ լոկոմոտիվի դերը վերցնեն իրենք, և դա վերցնում են ոչ թե բովանդակային խոսք ասելով, օրինակ, սահմանադրական բարեփոխումների շուրջ, այլ՝ գույները խտացրած, վատ բառապաշարով, ընդդիմադիր կեցվածքով հայհոյենք և գնանք առաջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

ՀԱԿ-ը նոր Սահմանադրության նախագիծը որակելով «իշխանության յուրացման նպատակով պետական հեղաշրջման ծրագիր»՝ միջազգային կազմակերպություններին կոչ է արել չաջակցել Հայաստանի իշխանության «այս արկածախնդրությանն» ու «բռնապետություն հաստատելու փորձերին»։

Փաստաթղթի վերլուծության արդյունքում Կոնգրեսը եզրակացրել է, որ փորձ է արվում լուծել Սերժ Սարգսյանի «հակաժողովրդավարական ռեժիմի» վերարտադրման ու հավերժացման խնդիրը, և դա արվում է Ազգային ժողովում Հանրապետականի բացարձակ մեծամասնությունը սահմանադրորեն երաշխավորելու միջոցով։

«Ասում են՝ իշխանության վերարտադրության համար է և վերջ։ Բայց այդ կայուն մեծամասնությունը ժողովուրդն է նախ ձևավորում՝ իր քվեի միջոցով, և երկրորդ՝ այդ կայուն մեծամասնությունն այսօր, Սահմանադրությամբ ամրագրված մեխանիզմների պարագայում, շատ ավելի հեշտ կարող է ձևավորել ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական ուժը։ Տեսեք՝ միայն արդար ընտրություններով, իսկ արդար ընտրությունների համար պետք է վստահության մթնոլորտ, պետք է աշխատանք, և պետք է տեղերում և տեղամասերում լինել աչալուրջ», - ասաց Սահակյանը։

«Եվ պետք է ընտրակեղծիքների բացառում», - այս դիտարկմանը հանրապետական պատգամավորը արձագանքեց. - «Գիտեք, ընտրակեղծիքներ ասածը կամ ընտրական պրոցեսների հետ կապված մենք դեռ ժամանակ կունենանք խոսել, որովհետև դրանք բոլորը կանոնակարգվելու են Ընտրական օրենսգրքով»։

Եզրակացնելով, որ Ազգային ժողովի նախագահին նոր Սահմանադրությամբ նախատեսվում է տալ պետական կառավարման մեջ առաջին դեմքի դերը, ընդդիմադիր ուժը համոզված է, որ այդ պաշտոնը Սերժ Սարգսյանի համար է, երբ նա 2018-ին ավարտի նախագահական լիազորությունները։

Հանրապետական պատգամավորը գոհունակություն հայտնեց, որ Սերժ Սարգսյանի հետագա ճակատագրով ընդդիմությունն ու հանրությունն «այսքան մտահոգ են»։

«Երբ որ սահմանադրական բարեփոխումների միտքը փորձեց զարգանալ, և նախաձեռնեց Սերժ Սարգսյանը, սկսեցին խոսել, որ «այո՛, տեսե՛ք, փոփոխություններ է անում, որպեսզի ինքը գնա վարչապետ»։ Հետո եղավ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ «ես չեմ հավակնում լինել ո՛չ վարչապետ, ո՛չ էլ նախագահ»։ Հիմա մեր գործընկերները նաև նշեցին, որ եթե խնդիրը դրա մեջ է, կարող է նաև Ազգային ժողովի նախագահ չլինել», - ասաց Սահակյանը։

Հարցին, թե նախագահական լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանն ի՞նչ է անելու, թոշակի՞ է գնալու, Սահակյանը պատասխանեց. - «Ասենք՝ ես որ պատգամավոր չլինեմ, բա ի՞նչ եմ անելու, չի կարելի։ Ես վստահ եմ, որ ինչ էլ անի՝ ի օգուտ և ի նպաստ մեր երկրի, մեր ժողովրդի, մեր պետության շահերի է անելու»։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է բացառել, որ, այնուհանդերձ, Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ կդառնա՝ 2018 թվականից հետո, Սահակյանն այսպես արձագանքեց. - «Ես չեմ ուզում նմանատիպ հարցերին կտրականապես պատասխանել, ասեմ ինչու. ասենք՝ հա, չի ուզում 18 թվականից հետո դառնալ, [հետո կասեն]՝ կներեք, իսկ կարո՞ղ է մյուս ընտրություններին, երբ որ լինի դա 2023 թվականը, Սերժ Սարգսյանը միգուցե նորի՞ց մասնակցի ընտրական պրոցեսներին և դառնա Ազգային ժողովի նախագահ, ասենք՝ չէ, իսկ, կներեք, էս դեպքում կարո՞ղ է 2028 թվականին, երբ որ ընտրություններ լինի, Սերժ Սարգսյանը մասնակցի... Ես նաև հպարտ եմ և ուրախ եմ, փաստորեն՝ մեր երկրում այլևս խնդիր չկա և գոյություն չունի, և մենք բոլորս փորձում ենք մտածել, թե այս իշխանությունները ինչ են անելու և ինչ չեն անելու»։

«Գիտեք, մեր ընդդիմությունը պետք է խոսի առարկայական խնդիրների մասին, բայց մենք կարծես թե մեր ամբողջ բանուգործը թողած՝ արհեստական մի մեծ խնդիր ենք ստեղծել մեր համար, որ հերոսաբար հաղթահարում ենք էդ խնդիրը», - ընդգծեց հանրապետական գործիչը։

«Ազատության» դիտարկմանը՝ ընդդիմադիրները պնդում են, որ Հանրապետականը հիմա գործարք է առաջարկում քաղաքական ուժերին՝ փոփոխված Սահմանադրության նախագիծը պաշտպանելու դիմաց նրանց տեղեր տալ ապագա խորհրդարանում, Սահակյանն այսպես արձագանքեց. - «Ինձ համար խորթ են նաև նման տեսակետները, խորհրդարանը ձևավորվում է ընտրությունների արդյունքում»։

Հարցին, թե հերքո՞ւմ է, որ ստվերային բանակցություններ են վարվում տարբեր քաղաքական ուժերի հետ, հանրապետական պատգամավորը պատասխանեց. - «Ես անձամբ ստվերային ոչ մի բանակցությունների չեմ մասնակցել՝ դրանով իսկ հերքում եմ»։

XS
SM
MD
LG