Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդում է, որ չորս անձանց մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հատկանիշով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
«Նախաքննությամբ պարզվել է, որ Կապանի 36-ամյա բնակիչ Ա. Հովհաննիսյանը Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168-րդ կմ հատվածում իր կողմից վարած «Մերսեդես-Բենց E320» ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նշված գոտով ընթացող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինի վարորդը՝ 50-ամյա Ս. Պողոսյանը, ուղևորներ 43-ամյա Ա. Գասպարյանը, Ուկրաինայի քաղաքացիներ 21-ամյա Ք. Գասպարյանը և 4-ամյա Մ. Ալեքսանյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները՝ Գ. Գասպարյանը, Ա. Ալեքսանյանը և Հ. Ալեքսանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ դեպքի վայրի զննության ժամանակ «Մերսեդես-Բենց E320» ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրում չի եղել: Նրան հայտնաբերելու նպատակով գրություններ են ուղարկվել ոստիկանության Կապանի, Սիսիանի և Նոյեմբերյանի բաժիններ, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին:
«Կատարվել են առգրավումներ, վերցվել փորձանմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: