Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը չի ուզում «հանդիպում հանդիպման համար»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդով, արխիվ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդով, արխիվ

Ալիևի աշխատակազմի նախագահի տեղակալը դժվարանում է ասել, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Ընթացիկ տարվա վերջին վեց ամիսների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նշանակալի առաջընթաց չի արձանագրվել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:

Այսօր հանդիպելով լրագրողների հետ՝ ադրբեջանցի պաշտոնյան կարծիք է հայտնել, թե չնայած կոնկրետ քայլեր են արվում, սակայն արդյունքը տեսանելի չէ:

«Համանախագահները հենց այդ պատճառով են ժամանել տարածաշրջան: Նրանք ցանկություն են հայտնել, որպեսզի արտգործնախարարներն ու նախագահները հանդիպեն: Ադրբեջանի նախագահն ընդգծել է, թե պատրաստ է հանդիպմանը, բայց որ դա չլինի հանդիպում հանդիպման համար», - ասել է Մամեդովը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մամեդովը նաև վստահեցրել է, թե Ադրբեջանը «վաղ թե ուշ վերադարձնելու է իր տարածքները»:

«Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը Բաքու նշանակալի իրադարձություն էր Ադրբեջան - Եվրոպա հարաբերություններում», - ասել է Նովրուզ Մամեդովը՝ փաստելով․ - «Դոնալդ Տուսկը Բաքվում ընդունեց, որ Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերներից է: Նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Եվրամիությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այդ գնահատականը մենք ստացել ենք երկար ճանապարհ անցնելուց հետո»:

Մամեդովն ասել է, թե Տուսկը պետք է Բաքու ժամաներ Եվրոպական խաղերի ժամանակ, սակայն այդ օրերին Հունաստանի ճգնաժամի շուրջ ընթացող նիստերի պատճառով չկարողացավ գալ. - «Տուսկը Ադրբեջանից ներողություն է հայցել չգալու համար»:

Ադրբեջանի նախագահի խոսափողը համարվող Մամեդովը, ով հայտնի է Արևմուտքի հասցեին իր կոշտ և հաճախ հեգնական արտահայտություններով, այսօր պատկառանքով էր խոսում Եվրոպա - Ադրբեջան հարաբերությունների մասին: Նախ տեղեկացրեց, որ Ադրբեջանը ներկայումս աշխատում է Եվրամիության հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի շուրջ:

«Ադրբեջանն իր անկախության վերականգնման տարիներից ի վեր սերտ ու հաջող կերպով համագործակցում է եվրոպական երկրների հետ ռազմավարական ոլորտներում», - հպարտանում էր Մամեդովը՝ համոզմունք հայտնելով, թե հետխորհրդային տարածքում անհնար է մատնանշել նման երկրորդ երկիր, որը համագործակցության այդպիսի մակարդակ ունի:

Մամեդովի կարծիքով, իր երկրի կողմից էներգետիկ նախագծերի իրականացումը յուրատեսակ ներդրում է տարածաշրջանում կայունության ապահովման, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում: Մյուս կողմից, Ադրբեջանը, նրա վստահեցմամբ, եվրոպական կառույցների հետ համագործակցելով խաղաղություն է ապահովում աշխարհի տարբեր անկյուններում:

Ադրբեջանցի պաշտոնյան չի շրջանցել Եվրոպայի հետ Ադրբեջանի տարաձայնությունները․ - «Ստեղծվել է շատ տարօրինակ իրավիճակ։ Բոլոր հանդիպումներում, լինի պետության ղեկավար կամ դեսպան, բոլորը հայտարարում են, որ Ադրբեջանն այնպիսի երկիր է, որի հետ համագործակցելը կարևոր է։ Մյուս կողմից, սակայն, նրանք ասում են, որ այս թերթն այսպես է գրել, ՀԿ-ն արել է այսպիսի հայտարարություն։ Դա խախտում է հաշվեկշիռը և վնասում է Ադրբեջանի իմիջը»։

Մամեդովը դժգոհել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցում Արևմուտքի վերաբերմունքից. - «Այդ պատճառով էլ Ադրբեջանը չստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Մեզ սկսեցին քննադատել, բայց այդ քննադատողներից և ոչ մեկը չասաց, որ համաձայնագրում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նշված չէ, մինչդեռ Ուկրաինայինը, Մոլդովայինը հստակեցված է»:

XS
SM
MD
LG