Մատչելիության հղումներ

Երկրաշարժից հետո անօթևան մնացած լեռնապատցիները դեռ իրենց բնակարաններին են սպասում


Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը Լեռնապատում միայն կիսակառույցներ է վեր խոյացրել. 2012 թվականից շինտեխնիկան կանգնած է:

27-րդ տարին է՝ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի տասնյակ ընտանիքներ սպասում են իրենց բնակարաններին: 88-ի երկրաշարժից հետո անօթևան մնացած այս մարդիկ ամեն տարի խոստումներ են լսում՝ շուտով բնակարանը պատրաստ կլինի:

61 ընտանիքները դեռ 2013-ին պետք է տուն ստացած լինեին, պետական միջոցներով աղետի գոտում շինարարություն իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերությունը, սակայն, Լեռնապատում միայն կիսակառույցներ է վեր խոյացրել։

«Չորս տարի է, որ կառուցել են՝ կիսակառույց է, պետք է, որ հասնի երեք սենյականոց, մինչև այսօր սպասում ենք, որ կհասնի», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրենց բնակարաններին սպասողներից մեկը։

Ապագա բնակիչներից մեկն էլ հավելեց. - «Ամեն տարի էլ խոսք են տալիս, որ կլինի, բայց արդյունքը չենք տեսնում։ Անցյալ տարի էլ ասացին, որ պետք է տան, բայց էլի նույնը, նույնը, նույնը։ 26 տարի այս անմխիթար վիճակն է»։

Լեռնապատցիները երանի են տալիս, որ գոնե նոր սերունդը, երեխաները արդեն քանդվող ժամանակավոր կացարաններից տեղափոխվեն քարե բնակարաններ:

Երեք երեխաների մայր Նաիրա Մկրտչյանը հույս ուներ, թե չորրորդ փոքրիկը նոր բնակարանում լույս աշխարհ կգա: Վերջին խոստումը, թե շենքը շուտով պատրաստ կլինի, մեկ տարի առաջ է լսել: «Երազանքներս չի կատարվում», - ասաց Մկրտչյանը։

Լեռնապատի գյուղապետ Սարիբեկ Աբազյանը հիշում է՝ 2011 թվականին «Գլենդել Հիլզ»-ի սկսած շինարարական աշխատանքները հազիվ մեկ տարի տևեցին, 2012 թվականից տեխնիկան կանգնած է: «2012 թվականի վերջից դադարեցվեց ու չգիտեմ՝ ինչ պատճառներով։ Ամբողջ մարզով է դադարեցվել, ոչ միայն Լեռնապատում», - ասաց գյուղապետը։

Մեկ սենյականոց բնակարանի սպասող 33 ընտանիքներ տան փոխարեն անցած տարի ստացան 3-ական միլիոն դրամ: Ավելի մեծ բնակարանների մի քանի տասնյակ շահառուների հարցը, սակայն, դեռ օդից կախված է:

Քաղաքաշինության նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ընտանիքների շրջանում արված սոցհարցման արդյունքում որոշվել է՝ բոլորի խնդիրն էլ լուծել փոխհատուցման եղանակով, բայց` մյուս տարի:

Ընդհանուր առմամբ, Լոռու մարզում աղետի հետևանքով բնակարան կորցրած շուրջ 380 անօթևան ընտանիք կա, մեծ մասը` գյուղերում, 63-ը՝ Վանաձոր և Սպիտակ քաղաքներում:

XS
SM
MD
LG