Մատչելիության հղումներ

Եվրոպայի վերջին դիկտատորը հյուրընկալել է Ֆրանսիայից նեղացած հայտնի դերասանին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հյուրընկալել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեին և նրան գերանդիով հնձել է սովորեցրել:

Ինտերնետում մի շարք լուսանկարներ են տեղադրված, թե ինչպես է 66-ամյա դերասանը մարգագետնում աշխատում, գերանդին ճիշտ պահել սովորում, հնձում:

Լուկաշենկոն, ով նորից առաջադրվում է հոկտեմբերին Բելառուսում անցկացվելիք նախագահական ընտրություններում, հայտնի դերասանին հյուրընկալել է հուլիսի 22-ին՝ Մինսկի մոտ գտնվող իր նստավայրում: Տեսախցիկների դիմաց նա Դեպարդյեին հնձելու դասեր է տվել: Այնուհետև ֆրանսիացի դերասանին բելառուսական ազգային ճաշատեսակներ են հյուրասիրել և տանը թորած օղի:

BBC-ն հաղորդում է, որ նրանք քննարկել են նաև բնական գյուղմթերքներ աճեցնելու հարցեր, և հիշեցնում, որ ժամանակին Լուկաշենկոն կոլտնտեսության նախագահ է եղել:

1994 թվականից Բելառուսը անընդմեջ ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյին Արևմուտքը կոչում է Եվրոպայի վերջին դիկտատոր:

Հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն գժտվել է Ֆրանսիայի հարկային մարմինների հետ, որոնք մինչև 75 տոկոս հարկ էին սահմանել խոշոր եկամուտների դիմաց: Նա հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից և 2013 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն, ռուսական անձնագիր է ստացել:

Դերասանը աջակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչը առաջացրել է պաշտոնական Կիևի վրդովմունքը, Ուկրաինան Դեպարդյեի անունը ընդգրկել է երկրի անվտանգությանը սպառնալիք հանդիսացողների «սև ցուցակում»:

XS
SM
MD
LG