Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է առաքելությունն ավարտող ԵՄ դեսպանին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

«Ընդգծելով, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների դինամիկ զարգացման գործում մեծ դեր է վերապահված ԵՄ պատվիրակությանը, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում ԵՄ հաջորդ դեսպանը նույն եռանդով ձեռնամուխ կլինի այդ կարևոր առաքելությանը՝ իր ներդրումը բերելով ՀՀ-ԵՄ կապերի հետագա խորացման գործին»,- հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Սերժ Սարգսյանը նշել է, որ դեսպան Հրիսթեայի պաշտոնավարման անցած չորս տարիներին Հայաստանի համագործակցությունը Եվրամիության, եվրոպական կառույցների հետ, չնայած աշխարհաքաղաքական վայրիվերումներին, շատ ակտիվ և արգասաբեր է եղել՝ նպաստելով ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ գործակցությանն ամենատարբեր ոլորտներում:

«Ես համարում եմ, որ մենք աշխատել ենք անկեղծ, ազնիվ և բաց ու կարողացել ենք ստանալ առավելագույնը համագործակցության այս ժամանակահատվածում՝ անցնելով մեծ ճանապարհ և կուտակելով զգալի փորձ հետագա փոխգործակցության համար»,- ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը հանձնառու է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությամբ սկսած բարեփոխումները:

Դեսպան Տրայան Հրիսթեան վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը՝ բարեփոխումների ուղղությամբ շոշափելի արդյունքների հասնելու գործում շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ սերտ համագործակցությունն ու երկխոսությունը:

Հանդիպման ավարտին Տրայան Հրիսթեան վստահեցրել է, որ որտեղ էլ լինի, Հայաստանը մնալու է իր սրտում, և նշել, որ այստեղից հեռանում է լավագույն ու ջերմ հիշողություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG