Մատչելիության հղումներ

logo-print

Բաքվում Ջեյմս Ուորլիքն ընդգծել է խաղաղապահների հարցի քննարկման անհրաժեշտությունը


Պաշտոնական Ստեփանակերտն ասում է՝ խաղաղապահների տեղակայումը կքննարկեն միայն հակամարտության կարգավորման վերջին փուլում։

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ բանակցությունների ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը և շփման գծի երկայնքով բռնությունների դեպքերի բացակայության կարևորությունը, ամփոփելով Իլհամ Ալիևի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպումը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով ռուսաստանցի և ֆրանսիացի իր գործընկերների հետ այսօր առավոտյան ժամանել էր Ադրբեջանի մայրաքաղաք։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները այսօր տարածաշրջանային այցը ամփոփող հայտարարությունում ողջունել են նախագահների՝ այս տարի ավելի ուշ հանդիպելու պատրաստակամությունը։

«Շատ ենք ցանկանում, որպեսզի նախագահները իրենց հարմար ժամանակ հանդիպեն և հակամարտության լուծման հարցում առաջընթացի հասնեն»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ նշել է դեսպան Ուորլիքը։

Մինչ տարածաշրջան ժամանելը միջնորդները մի շարք խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում և Վաշինգտոնում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերի շուրջ։

Խոսելով ամերիկացի և ռուսաստանցի պաշտոնյաների հետ փակ հանդիպումների արդյունքների մասին՝ ամերիկացի համանախագահը հստակեցրել էր այն հարցերը, որոնք այսօր դրված են բանակցային սեղանին՝ տարածքների վերադարձ, փախստականների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց։ «Այս և մի շարք այլ հարցեր, այդ թվում և խաղաղապահների տեղակայման հարցը, պետք է դիտարկել համապարփակ կարգավորման շրջանակներում»,- ընդգծել էր ամերիկացի համանախագահը։

Բաքվում դեսպան Ուորլիքը կրկնել է՝ այդ հարցերը քննարկվում են տարիներ շարունակ։

«Կարծում եմ, որ խաղաղապահ ուժերի տեղակայումն ու միևնույն ժամանակ միջազգային անվտանգության ապահովման հարցերը պետք է լինեն ցանկացած հակամարտության կարգավորման հիմնական գործոնը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ հարցը չպետք է աչքաթող անեն հակամարտության մեջ ներքաշված երկու կողմերը։

Ոչ վաղ անցյալում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը բացառող պաշտոնական Ստեփանակերտը այսօր կարծես թե դեմ չէ դրան։ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը պարզաբանում է, թե որ դեպքում համաձայն կլինեն Ադրբեջանի հետ սահմանի վերահսկողությունը հանձնել օտարերկրյա զինվորականների։

«Ընդհանրապես որպես գաղափար՝ դեմ չենք խաղաղապահների տեղակայմանը։ Իրավիճակը պիտի հասուն լինի, որպեսզի այդ քայլը կատարվի։ Պետք է կարգավորվեն բոլոր հարցերը: Խաղաղապահները վերջին փուլն է, հակամարտության կարգավորման վերջին սիմվոլիկ դրսևորումն է։ Ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ունի երկու կարևորագույն հարց, մնացածը անծանցյալ են այդ երկու հարցից՝ Արցախի կարգավիճակը և սահմանները։ Երբ այդ հարցերը կարգավորվեն, Արցախն ու Ադրբեջանը միմյանց ճանաչեն որպես ինքնիշխան, անկախ սուվերեն պետություն, սահմանները հստակեցվեն, բոլոր հարցերը որոշվեն՝ մարդասիրական, ռազմական, քաղաքական, տնտեսական և այլն, դրանից հետո կարելի է խոսել և քննարկել խաղաղապահների տեղակայման խնդիրը, այն էլ՝ սահմանների երկայնքով»,- ասաց Բաբայանը։

Թեև հակամարտության կարգավորմանը հետևող փորձագետներն ու հենց միջնորդները արձանագրում են, որ վերջին շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ հույս հայտնելով հնարավոր առաջընթացի հասնելու մասին, Ղարաբաղում զգուշավոր լավատեսությամբ են արձագանքում։ Դավիթ Բաբայանն ասում է, որ որպես գործընթացներին քիչ թե շատ ծանոթ մարդ՝ հույս չունի, թե այս հակամարտությունը կարող է կարգավորվել մոտալուտ ապագայում.- «Որովհետև Ադրբեջանը նման հիմքեր չի թողնում, շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, զինադադարի ռեժիմի խախտումները։ Անհնար է ակնկալել շուտափույթ կարգավորում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG