Մատչելիության հղումներ

ՍԱՊԾ. Կասեցվել է 19 մանկապարտեզների և խոհանոցների գործունեությունը


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ստուգումների եռամսյակային ծրագրի շրջանակում, ծառայության պետի որոշմամբ կասեցվել է հանրապետության 19 մանկապարտեզների և խոհանոցների գործունեությունը։

ՍԱՊԾ-ի փոխանցմամբ՝ կասեցվել է Տավուշի մարզի Խաշթառակի, Պտղավանի և Նավուրի մանկապարտեզներում սննդի կազմակերպման գործունեությունը, Արմավիրի մարզի Մուսալեռ, Դալարիկ և Մյասնիկյան համայնքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Նոր Գեղիի, Գառնիի, Գողթի և Կամարիսի «Կակաչ» մանկապարտեզների խոհանոցների գործունեությունը:

«Նշված մանկապարտեզներում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ պայմաններին ներկայացվող պահանջների մի շարք խախտումներ, բացի այդ՝ մանկապարտեզներն ապահովված չեն եղել անխափան ջրամատակարարմամբ կամ հոսող ջրով», - ասված է հաղորդագրությունում։

ՍԱՊԾ-ն նշում է, որ մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է սահմանված ժամկետներում վերացնել արձանագրված բոլոր խախտումները:

Ելնելով ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների բնույթից և գնահատված ռիսկերից՝ ծառայության պետի կողմից հրավիրված խորհրդակցության ընթացքում երկրի բոլոր մանկապարտեզներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական է տրվել՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով նաև սննդամթերքի մատակարարման գործընթացին։

«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ժամանակավորապես կասեցվել է Արմավիր քաղաքի թիվ 9, թիվ 6, թիվ 1 և թիվ 11 նախակրթական հաստատությունների աշխատանքը և վերաբացվել միայն արձանագրված խախտումների վերացումից հետո: Շիրակի մարզում կասեցվել է Նոր Կյանք և Սպանդարյան համայնքների մանկապարտեզների, ինչպես նաև «Արևիկ» մանկապարտեզի գործունեությունը: Ժամանակավոր կասեցվել է նաև Տավուշի մարզի Ազատամուտ և Վայոց Ձորի մարզի Արփի համայնքների մանկապարտեզների գործունեությունը», - տեղեկացնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ նշելով, որ ստուգումները հանրապետության մանկապարտեզներում շարունակվում են:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2015 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են թվով 250 հանրակրթական և նախադպրոցական հաստատություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG