Մատչելիության հղումներ

Երկար ընդմիջումից հետո չորեքշաբթի երեկոյան հեղինակային երգի երկրպագուները «Մոսկվա» կինոթատրոնում ունկնդրեցին հեղինակային երգի լավագույն կատարողներից Արմեն Մովսիսյանին, ով հանդես էր գալիս Լիլիթ Պիպոյանի հետ։

Արմեն Մովսիսյանը մոտ ութ տարի առաջ մեկնել էր Միացյալ Նահանգներ, և սա նրա վերաբնակությունից հետո առաջին համերգն էր հայրենիքում։

Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում Մովսիսյանը շեշտում էր, որ իր համար անակնկալ էր համերգային այս անշլագը.- «Շատ տաք, ջերմ ընդունելություն էր։ Անսպասելի էր, որ դահլիճի մի հսկայական մասը երիտասարդներ էին, որոնք իմ գնալու ժամանակ փոքր երեխաներ էին»,- ասաց նա։

Խոսելով Հայաստանից հեռանալու պատճառների մասին՝ հեղինակ կատարողն ասաց՝ թթվածինը քչացել էր. - «Մտավորական մարդու համար դժվար է ապրել հայրենիքում, որտեղ անարդարությունների մի ընդհանուր շարան է, երբ կոպտությունը, բիրտ լինելը, ապաշնորհ, ծախված լինելը ավելի մեծ արժեք է, քան ազնիվ, անկաշառ, քո սկզբունքներին հավատարիմ մնալը»։

Միացյալ Նահանգներում Արմեն Մովսիսյանը երաժշտական ստուդիա է ղեկավարում։ Իր սաներին սովորեցնում է կիթառ նվագել և երգել։ Ասում էր, որ նրանց համար կամա թե ակամա նաև հայոց լեզվի ուսուցիչ է դարձել։ Նահանգներում բնակության տարիների ընթացքում երբեք հանդես չի եկել։

«Հայաստանից գնալուց հետո 7-8 տարիները վերաիմաստավորման շրջան էին, գրում էի շատ քիչ ու ավելի շատ լռել եմ։ Չեմ գտել համերգ տալու իմաստը, ինքս ինձ դատապարտել էի՝ քանի որ դուրս ես եկել հայրենիքից, կորցրել ես երգելու իրավունքը։ Այս տարի արդեն լավ իմաստով «ճնշումներից» հետո նոր սկավառակ ձայնագրեցի»։

Հարցին, թե ի՞նչն է փոխվել Հայաստանում իր բացակայության ընթացքում, արձագանքեց՝ ակնառու է փողոցային երթևեկության որոշակի կանոնակարգումը՝ հատկապես հետիոտների անցումային հատվածում։ Բայց, իհարկե, ասում էր, ամենակարևորը քաղաքացիական հասարակության ձևավորումն է, որն ակնառու է.- «Մեկ ամիս առաջ Բաղրամյանի էդ պայծառ էրեխեքը, որ որոշեցին իրենց կարծիքը հայտնել, որ իրենք են երկրի տերերը, ոչ թե էդ կաշառակերները»։

Հայաստան վերադառնալու հնարավորության մասին խոսելիս էլ ասաց.- «Ամեն Աստծո օր, ամեն րոպե Հայաստանում մտածում եմ էդ մասին, ուղղակի ինձ համար բաց է մնում մի հարց՝ ի՞նչ անել մեր երկրում։ Անկեղծորեն շատ եմ ուզում վերադառնալ, բայց քանի ինչ անելու հարցը բաց է մնում... ինչպես նախկինում, հիմա էլ իշխանավորներին ձեռք չեմ մեկնել, նրանց ընդունարաններում չեմ մաշել շալվարներս, չեմ արել ու չեմ անի։ Շատ ու շատ լավ մտավորականներ կան էստեղ, որոնց հետ շփվեցի ու հասկացա, որ իրենք կամա թե ակամա կախված են իշխանավորի քմահաճությունից։ Էդ կախվածությունը վայրենի ձևեր է ընդունում, ես չեմ կարող էդ խաղի կանոններով խաղալ։ Ինձ համար դա անընդունելի եղել ու մնում է»։

XS
SM
MD
LG