Մատչելիության հղումներ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ․ «Սկզբունքորեն մեր տեսակետը հաղթել է»


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ․ «Սկզբունքորեն մեր տեսակետը հաղթել է»
please wait

No media source currently available

0:00 0:05:49 0:00

«Դաշնակցությունը չի մտքափոխվել և պաշտպանում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների անցկացման գաղափարը», - ասաց Հրանտ Մարգարյանը։

Նոր Սահմանադրության առաջինից 7-րդ գլուխների նախագծի հրապարակումից հետո ընդդիմադիր այս կուսակցության ներկայացուցիչները ձեռնպահ էին մնում գնահատել այն: Մարգարյանն այսօր խախտեց լռությունը:

«Առանձին պարագրաֆների, ձևակերպումների վերաբերյալ մենք խնդիրներ ունենք, բայց հիմնականում, սկզբունքային առումով, այո, գտնում ենք, որ մեր տեսակետը հաղթել է»,- ասաց նա:

Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումից հետո ընդդիմադիր Դաշնակցությունն ամենաակտիվ առաջարկներ ներկայացնող ուժերից էր։ Հրանտ Մարգարյանի խոսքով, իրենց համար սկզբունքային առաջարկներն ընդունվել են։ Հիմնականը՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցումը ամրագրվել է: Հուսով են` մնացած հակասությունները քննարկումների ընթացքում կհաղթահարվեն:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման ժամանակ ՀՅԴ-ն ներկայացրած առաջարկություններում գրել էր՝ «պետք է բացառել Ազգային ժողովում արհեստական մեծամասնության ձևավորումը, օրինակ՝ ընտրական համակարգով բոնուսներ նախատեսելու տարբերակը»։ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հեղինակած նախագծում խոսվում է ԱԺ-ում կայուն մեծամասնության անհրաժեշտության մասին: Այս ձևակերպումն արդյոք չի՞ հակասում Դաշնակցության առաջարկին։

Ըստ Մարգարյանի, չի հակասում․ - «Կայուն» չի նշանակում արհեստական մեծամասնություն։ «Կայունը ոչ մի անգամ մտահոգիչ չէ, կայունը երկրի համար նույնիսկ անհրաժեշտություն է, կարևոր է, որ այդ կայունությունը լինի: Կա'մ հետընտրական կոալիցիայի ձևավորում տեղի կունենա, կա'մ նախընտրական: Դաշինքների ձևավորման հարց կառաջանա, որը, կարծում եմ, հիմնականում կբացառի որևէ ուժի՝ առանձնաբար երկրի ղեկավարման հավակնությունը»:

Դաշնակցությունից բացի, խորհրդարանական մյուս չորս ընդդիմադիր կուսակցությունները նախագծի հրապարակմանը հաջորդած 7 օրերի ընթացքում բազմաթիվ մտահոգություններ են հայտնել: Մասնավորաբար, կայուն մեծամասնությանն անդրադառնալով, առաջարկվող լուծումը համարել են ՀՀԿ-ի իշխանությունը հավերժացնելու, ընդդիմադիրներին քաղաքական գործընթացներից չեզոքացնելու փորձ:

Մարգարյանը կարծում է, որ նման գնահատական հնչեցնողը շտապում է․ - «Շտապում է, որովհետև չի գիտակցում, որ հենց դրա մեջ է իր փրկությունը, որովհետև այն ուժը, որը 51 տոկոս չունի և պարտավորված գնում է երկրորդ փուլ, մյուսներին տալիս է հնարավորություն համախմբվելու և առանց ցնցումների երկրի մեջ իշխանափոխություն կատարելու»:

Դաշնակցականները հաճախ են հայտարարում՝ Հայաստանում կուտակված բոլոր խնդիրները կապված են Սահմանադրության հետ։ Հրանտ Մարգարյանի ձևակերպմամբ, հովանավորչությունը, անպատժելիությունը, կոռուպցիան համակարգային պատճառներ ունեն: Խորհրդարանական համակարգը կառնի այդ ամենի դեմը, կվերացնի անձի մենիշխանությունը, ասում է նա։ Ուրեմն ինչո՞ւ է իշխանությունը բարեփոխումներ նախաձեռնել, եթե պետք է զրկվի Դաշնակցության քննադատության թիրախ դարձած լծակներից։ Այս հարցին ի պատասխան, Հրանտ Մարգարյանը նշում է․ - «Նաև իր մասին մտածելով»։

«Իշխանությունը հասկացել է, որ այս ձևով ինքը երկար ճանապարհ չունի երթալու:17-18 թվականից հետո ինքը հայտնվելու է նույն վիճակում, որում հայտնվեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն՝ լուսանցքում: Ինքը [իշխանությունը] փորձում է իր գոյությունը փրկել, ոչ թե իշխանությունը, բայց սա բոլորին է տալիս արևի տակ իրենց տեղը ունենալու, իրենց գաղափարախոսության համար պայքարելու հնարավորություն»:

«Դուք նախագահ Սերժ Սարգսյանի հետ պարբերաբար հանդիպում եք, նա հայտարարել է, որ խորհրդարանական համակարգի պայմաններում չի ուզում դառնալ վարչապետ և նախագահ, վերջերս էլ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Սարգսյանը նաև Ազգային ժողովի նախագահ չի ուզում դառնալ, տեղյա՞կ եք, թե ինչ է ուզում անել Սերժ Սարգսյանը, խոսե՞լ եք այդ մասին»,- «Ազատության» այս հարցին Հրանտ Մարգարյանը հակադարձեց․ - «Ես էլ չեմ ուզում նախագահ դառնալ, չեմ ուզում վարչապետ դառնալ, չեմ էլ ուզում Ազգային ժողովի նախագահ դառնալ: Ես կուսակցության ղեկավար եմ և ես այս կուսակցության միջոցով եմ փորձում այս երկրին և այս ժողովրդին օգտակար լինել, մեկ ուրիշն էլ կարող է ունենալ այդպիսի մոտեցում»:

Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու քննարկումներ այս պահին, ըստ Հրանտ Մարգարյանի, Դաշնակցությունը չի անցկացնում։ Բայց կոալիցիա մտնելը ՀՅԴ-ի համար երբեք տաբու չի եղել։ Մարգարյանի խոսքով, նման առաջարկ միշտ էլ գոյություն է ունեցել: «Այսինքն, մենք չենք ասել, որ էս երկրին կարելի է օգտակար լինել միայն ընդդիմադիր լինելով: Ոչ, մենք էդպիսի հավատք չունենք», - ասաց Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը:

Նրա, խոսքով, ՀՅԴ-ն կհամագործակցի իշխանության հետ, եթե «հաշվի առնեն այն, ինչ մենք ասում ենք կադրային քաղաքականության իմաստով, տնտեսական քաղաքականության իմաստով, երկրի մեջ ներքին փոխհարաբերությունների առումով, ազատությունների իմաստով, ժողովրդավարության առումով», և «դրանց մի կարևոր մասը առնվազն ընդունվի»:

Մարգարյանը նաև հավելեց՝ հույս ունի, որ ՀՅԴ-ն չի հասնի «ոչի» քարոզչությանը: «Չէի ուզենա, որ որոշ ձևակերպումներ, թերություններ պատճառ դառնան, որ մենք ընդհանուրը մերժենք», - հայտարարեց նա։

XS
SM
MD
LG