Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպել են ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնյաներ հետ։

Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորում է Սիրիայի հայ համայնքի պաշտպանության խնդիրը և հավատարիմ է դրա իրականացմանը, Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ասել են Միացյալ Նահանգների Պետքարտուղարության պաշտոնյաները:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպումը հնարավորություն տվեց հայ համայնքի մտահոգությունները հասցնել ԱՄՆ-ի պաշտոնյաներին։ «Այդ լուրջ հանդիպումը մեզ հնարավորություն տվեց անկեղծ և բաց կարծիքներ փոխանակել և սիրիահայերի առջև ծառացած մարտահրավերների դեմն առնելու իրական լուծումներ մշակել», - նշեց Համբարյանը։

ՀՅ Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի ատենապետ, դոկտոր Վիգեն Հովսեփյանի խոսքով, գոյություն ունի լուրջ հակասություն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի փախստականներին տրամադրվող օգնության չափերի և այդ օգնությունից սիրիահայերին հասնող չնչին մասնաբաժնի հետ կապված։

«Մենք կարողացանք խոսել և հրավիրել ներկայացուցիչների ուշադրությունը մեր սիրիահայ քույրերին և եղբայրներին անմիջական օժանդակություն հասցնելու կարևորության վրա՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում», - ասաց Հովսեփյանը:

Հանդիպման մասնակիցների հավաստմամբ՝ Միացյալ Նահանգների դիվանագետները կոչ են արել ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացնել իրենց առաջարկները, որոնց միջոցով ԱՄՆ-ի կառավարությունն իր աջակցությունը կցուցաբերի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG