Մատչելիության հղումներ

«Ոտքի՛, Հայաստան»-ը հուլիսի 27-ից զանգվածային անհնազանդության ակցիաներ է սկսում


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներն այսօր Երևանի Ազատության հրապարակում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ հուլիսի 27-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չեղարկելու պահանջով զանգվածային անհնազանդության ակցիաներ են սկսում:

Մինչ այդ, նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի խոսքով, ցանկանում են ոստիկանների հետ քննարկել հավաքների ազատության հետ կապված հարցեր։ Ըստ նրա, քննարկման նպատակը առաջիկա ակցիաների ընթացքում լարված իրավիճակներից խուսափելն է։

«Առաջարկում ենք հանդիպել՝ իրենց հարմար վայրում, բաց ֆորմատով, բոլոր լրագրողների, հետաքրքրված ԶԼՄ-ների ներկայությամբ, և քննարկել հավաքների ազատության հետ կապված բոլոր այն հարցերը, որոնք առաջացել են իրենց մոտ և մեզ մոտ այս վերջին ամսվա ընթացքում, որպեսզի ձեռք բերել փոխըմբռնում, հասկանալ միմյանց դիրքերը և գալիք բողոքի ակցիաների ժամանակ հստակ հասկանալ միմյանց նկատմամբ վերաբերմունքը», - նշեց Ղուկասյանը:

Հուլիսի 27-ից նախաձեռնությունը մի շարք ակցիաներ է անցկացնելու, չեն շտապում ասել, թե կոնկրետ ինչեր են սպասվում, այս մասին կխոսեն առաջիկա օրերին, մինչդեռ փողոցներ հաստատ փակելու են։

«Հուլիսի 27-ից սկսած գործողությունների պլանը մենք ներկայացնելու ենք հինգշաբթի կամ ուրբաթ օրերին: Դա նաև կախված է մեր` շրջաններում հանդիպումների ժամանակ տարբեր խմբերի հետ բանակցությունների ավարտից», - մանրամասնեց Անդրիաս Ղուկասյանը:

Վերջին մի քանի օրերի ընթացքում նախաձեռնությունը մարզերում հանդիպումներ էր անցկացնում քաղաքացիների հետ։ «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ առաջիկայում հանդիպումների շարքը շարունակվելու է, բանակցում են նաև քաղաքական ուժերի հետ՝ սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու պահանջի շուրջ միավորվելու համար:

«Օգոստոսի 1-ին այն մտնելու է իրավական ուժի մեջ: Այդ դեպքում որոշումը վիճարկելը և փոփոխելը հնարավոր կլինի միայն դատական կարգով: Մենք վստահ ենք, որ դա դեպի փակուղի տանող ճանապարհ է: Իրադարձությունների նման զարգացման դեպքում Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ տևող բոլորիս ջանքերը դառնալու են ապարդյուն: «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը համոզված է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման սպառնալիքը հնարավոր է վերացնել մինչև օգոստոսի 1-ը համատեղ ջանքերով բողոքի նոր ալիք առաջացնելով», - հայտարարեց Սանասարյանը:

XS
SM
MD
LG